Արդարադատության նախարարությունը պատրաստվում է սահմանադրական բարեփոխումներին

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Նախօրեին, «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում անդրադարձա նաև անցումային արդարադատության գործիքներին, և ի պատասխան այն  հարցի, թե «ընդդիմությունն ասում է, որ Կառավարության պատկերացրած վեթինգը չի լինելու» նշեցի.

«Մենք ոչ միայն հստակ գիտենք՝ ինչ ենք ցանկանում, այլև ունենք ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են: Այդ Ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից:

Անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև Դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի:

Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն, բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում:

Ինչ վերաբերում է դատավորների և այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումների և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման»», տեղեկացնում է Aysor.am։