Ստեփանակերտում տեղի է ունենում Համահայկական խաղերի հանդիսավոր բացումը (LIVE)

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը տևելու է 3 ժամ։

«Հանրապետական» ստադիոն են ժամանել 145 քաղաքների պատվիրակությունները: Մեծ պատվիրակությունով է ներկայացել Ռուսաստանը՝ 368 մարզիկ, ԱՄՆ-ը՝ 308 մարզիկ, Արցախը՝ 298 մարզիկ: Ամենահեռավոր պատվիրակությունը Ավստրիայից է՝ 86 մարզիկով: Ամենափոքր պատվիրակությունը Շվեդիան է՝ 1 մարզիկ: Ամենամեծ պատվիրակությունը Հայաստանն է առանձին քաղաքներով: Միայն Երևանի թիմը շուրջ 400 մասնակից ունի, Շիրակի մարզը՝ 177:

Պատվիրակությունների շքերթը տևելու է 1,5 ժամ, մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Խաղերի ջահը վառելու են օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը և Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը։

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու: Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և Ղազախստանից: Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է, տեղեկացնում է News.am-ը: