Համահայկական խաղեր Արցախում. Պատասխան բռնության և ագրեսիային

Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորը տանն են, իրենց պապենական օջախում, բարի գալուստ Արցախ աշխարհ։ Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում այսօր՝ օգոստոսի 6-ին, ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Համահայկական խաղերը իրենց բնույթով կարելի է համարել մերև սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարևորագույն օղակ։ Համահայկական 7-րդ ամառային խաղերը Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմից հետո, ինչը ինքնին խորհրդանշական է։ Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային և բռնությանը։ Սպորտը մարմնավորում է ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը։ Այն չի ճանաչում սահմաններ և խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների։ Մեր պարագայում դա ևս մի խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը։ Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր քույրերն ու եղբայրները այս միջոցառման շրջանակում հնարավորությւոն են ստանում մոտիկից ճանաչելու իրենց հայրենիքը, շփվելու իրար հետ, հաստատելկու նոր ու ջերմ կապեր, դրական լիցքեր ստանալու հայրենի հողից՝ դառնալով ավելի համախմբված, ուժեղ ու անպարտելի։ Հենց դրանում է մեր ժողովրդի ուժը, հենց դրանում է մեր միասնականության զորությունը, դրանում է մեր հաղթանակների իմաստը։ Այդպես եղել է, այդպես կլինի այսուհետ»,- ասաց Արցախի նախագահը։

Բակո Սահակյանը նշեց, որ խաղերի պատշաճ անցկացման ուղղությամբ կատարվել է մեծ ու ծավալուն աշխատանք և երախտագիտություն հայտնեց նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ գործում։

Արցախի նախագահը ընգծեց, որ այս խաղերում պարտվողներ չեն լինելու և հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը, տեղեկացնում է News.am։