ՉԵՆՔ ՎԵՐՑՆՈՒՄ, ԹԵ՞ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Օրերս ՀՀ կառավարությունը հաղորդեց այն մասին, որ 2015 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է Հայաստանի արտաքին պետպարտքի նվազման միտում։ Նշվեց նույնիսկ թիվը. հունիսի դրությամբ արտաքին պետպարտքը կրճատվել է 120 միլիոն դոլարով։

Իհարկե, նրանց համար, ովքեր էքստազի մեջ են ընկնում իշխանության ցանկացած հրճվալից հայտարարությունից, սա ոգևորության առիթ է։ Աշուշտ, երկրի հարկային բեռի կրճատումը, առավելևս այդ կրճատման միտումներն առհասարակ կարելի է դրական համարել։ Բայց լիարժեք երջանկություն ապրել այդ փաստից, ավա՜ղ, խանգարում են որոշ նրբերանգներ։ Նախևառաջ կարևոր է հաշվի առնել, որ արտաքին պետպարտքն աճում է երկրի վարկային նոր պարտավորությունների, նոր պարտքերի պատճառով։ Ահա ուրեմն, այնքան էլ հասկանալի չէ. նոր պարտքեր մեզ չեն տալիս, թե՞ մենք չենք վերցնում։ Սա, ասենք անկեղծ, կարևորագույն հարց է։ Քանի որ եթե մենք զերծ ենք մնում նոր վարկեր վերցնելուց, ապա դա կարելի է համարել դրական միտում, իսկ եթե մեզ մերժում են փոխառություններ տրամադրելու հարցում, նշանակում է՝ չեն վստահում։ Իսկ դա, համաձայնեք, ավելի շուտ մինուս է, քան պլյուս։

Թեպետ, փորձենք կանգ առնել լավատեսական տարբերակի վրա և հնարավոր համարել, թե այդ մենք ենք ձեռնպահ մնում վարկային նոր պարտավորություններ ստանձնելուց։ Բայց այդ դեպքում նույնպես կասկածներ են առաջանում դրականի առումով։ Եվ այստեղ արժե ուշադրություն դարձնել երկրի իշխանության ներկայացուցիչների ավելի վաղ հնչեցրած որոշ հայտարարություններին։

Այս տարվա մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել իր ֆինանսական մասնակցությունը Եվրամիությանը ներկայացված 13 ծրագրերի իրականացմանը։ Նա նշեց, որ այդ նախագծերը վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհային շինարարությանը, էներգետիկ ոլորտին, մոտ 20 նոր ջրամբարների շինարարության ծրագրի իրագործմանը, կրթական և իրավապահ ոլորտի, ինչպես նաև դատաիրավական և հարկային համակարգերի բարեփոխումներին։

Փաշինյանն ընդգծեց, որ ԵՄ ղեկավարությունը պատրաստակամություն է հնչեցրել օժանդակելու տվյալ ծրագրերի իրականացմանը։ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն իր վրա չի վերցնի այս ծրագրերի ֆինանսավորման բոլոր պարտավորությունները։ Այսպիսով, Հայաստանը նույնպես պետք է իր ավանդը ներդնի։ Բայց այստեղ խոչընդոտ կա. «Պետական պարտքի մասին» օրենքում կան որոշ սահմանափակումներ, որոնց համաձայն՝ պետպարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ որոշակի տոկոսը։ Տեսանելի հեռանկարում Հայաստանը, այն բանի համար, որպեսզի իր ավանդը ներդնի ծրագրերի իրականացման մեջ, պետք է դիմի արտաքին աղբյուրներին, ինչը կարող է ենթադրել պետպարտքի ավելացում։ Մենք պետք է լրջորեն քննարկենք՝ պատրաստ ենք արդյոք գնալ այս ճանապարհով, թե՞ ոչ»,- նշեց Փաշինյանը։

Ըստ էության, եթե Հայաստանի պարտքը կրճատվել է, առավելևս եթե դա միտում է, ապա նշյալ ծրագրերը (որոնց իրականացմանը ԵՄ-ն պատրաստ էր օգնել ֆինանսներով, իսկ հայկական կողմը մտադիր էր համաֆինանսավորել նախագծերը վարկային այլ միջոցներով) անորոշ ժամանակով հետաձգվել են։ Իսկ դա ամենևին լավ չէ, քանի որ խոսքն ախր բարեփոխումների մասին է։

Իսկ այ, Հայաստանի ֆինանսների նախարարը բազմիցս հայտարարել է, որ նոր վարկերը երկրին անհրաժեշտ են բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Դեռևս անցած տարվա հոկտեմբերին Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց. «Եթե մենք ունենք պետական բյուջե, որն ունի պակասուրդ, այդ պակասուրդի ֆինանսական աղբյուրը ո՞րն ենք պատկերացնում։ Փոխառու միջոցները»։ Հենց այդ ժամանակ էլ՝ անցած տարեվերջին Հայաստանի ֆինանսների նախարարության պետպարտքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանը հաղորդեց, որ 343 միլիոն դոլարի չափով խոշորագույն վարկ է ծրագրվում ստանալ Ռուսաստանից։ Իսկ բացի այդ, Ասիական զարգացման բանկից՝ 53,1 միլիոն դոլար, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ 50,4 միլիոն դոլար, Զարգացման միջազգային ընկերակցությունից՝ 9,7 միլիոն դոլար, Եվրոպական ներդրումային բանկից՝ 9,4 միլիոն դոլար, Գերմանական բանկից՝ 7,5միլիոն դոլար, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից՝ 7.3 միլիոն դոլար։

Եվ ահա այսօր կառավարությունը զեկուցում է այն մասին, թե պետպարտքը նվազել է 120 միլիոն դոլարով։ Իսկ դա նշանակում է, որ երկրի վարկային պարտավորությունները, որոնք այս տարի ծրագրվում էր ավելացնել գրեթե կես միլիարդով, կարծես թե չեն աճում։ Հետևաբար, հարցականի տակ է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը, կապիտալ ծախսերի և բարեփոխումների ծրագրերի իրականացումը։ Կրկնեմ, մանավանդ եթե խոսքը արտաքին պետպարտքի կրճատման միտումների մասին է, ինչը ենթադրում է նվազման գործընթաց նաև ապագայում։

Իհարկե, երկրի վարկային բեռի կրճատումն ընդհանուր առմամբ կարևորագույն խնդիր է։ Սակայն մեր դեպքում դրա մեջ կան նաև լուրջ վտանգներ։ Այնպես որ էքստազի մեջ ընկնել ու ոգևորվել այս հարցում պետք է բավական զգուշորեն։

Основная тема:
Теги: