Մնացականյանը Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում արված հայտարարությունը չի ենթադրում Ղարաբաղյան բանակցային գործընթացում փոփոխությունների գնալ։ Այս մասին այսօր Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 5–ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Արցախը Հայաստանն է և վերջ։

«Փաշինյանը Ստեփանակերտում Ղարաբաղյան հարցի լուծման մասին հստակ ձևակերպեց Հայաստանի դիրքորոշումը, ինչին հավելելու որևէ բան չկա։ Վարչապետի ներկայացրած դիրքորոշումը վերահաստատեց նաև ԱԳՆ–ն։ Մեր կողմից մտադրություն չկա որևէ կերպ շեղվել այն դիրքորոշումներից, որոնք վերաբերվում են Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը և բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը հասնելու մեր հավատարմությանը»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությունը` թե ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը։

Սրան ի պատասխան ՀՀ ԱԳՆ–ն էլ հայտարարություն էր տարածել` ասելով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության` 2019թ օգոստոսի 6-ի հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդում ու խրախուսում է Ադրբեջանի իշխանությունը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել էր, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում:

Основная тема:
Теги: