Ալումյան․ 7-րդ գանգատն ենք ներկայացրել ՄԻԵԴ

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ՝ արդարադատությունից հրաժարվելու հիմքով։

Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում լրագրողներին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ փաստաբանները 2019թ.-ի հունիսի 26-ին գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան, որն առ այսօր չի քննվել։

«Օրենքում գրված է, որ նման միջնորդությունը քննվում է անմիջապես։ Այսօր արդեն օգոստոսի 14-ն է, բայց միջնորդությունը դեռևս չի քննվել»,- ասաց Ալումյանը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ միջնորդությունն առ այսօր չքննելու պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող քննել գործը, քանի որ նրա գործունեությունը կասեցված է, իսկ այլ դատավորի գործը չի մակագրվել։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

ՍԴ–ն, սակայն, իր հերթին որոշում էր կայացրել գործի քննությունը կասեցնել ու ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական կարծիքներ ստանալու։

Основная тема:
Теги: