Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ․ ՊԱՏՃԱՌԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԻՆԵԼՆ Է

Օգոստոսի 13-ին, Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետևանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մեկ կորուստ, և գրանցվել է վիրավորման երկու դեպք: Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից լարվածության մեծացման պատճառների, դրա հետևանքների մասին Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանի հետ։

- Պարո՛ն Եղիազարյան, հուլիսի 27-28-ին Հայաստանի սահմանին հայկական բանակն ունեցավ 2 վիրավոր, 1 զոհ, իսկ նախօրեին հայտնի դարձավ հակառակորդի կրակոցից ևս հայ զինծառայողի վիրավորման մասին: Հենց Հայաստանի հետ սահմանին լարվածության աճն ինչո՞վ եք պայմանավորում:

- Միանշանակ չի կարելի ասել՝ ինչով է այս լարվածությունը պայմանավորված, բայց սա այն քաղաքական կուրսի շրջանակում է, որը Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հանդեպ: Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը, հանդիպումներն արդյունավետ չեն, և Ադրբեջանը չի փոխում իր քաղաքական կուրսը, իր մոտեցումները՝ անընդհատ լարվածության մեջ պահելով սահմանը: Ժամանակին առաջարկներ եղան՝ վերահսկման մեխանիզմներ սահմանել սահմանին, բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը դրան չգնաց, և ինքն իր ձեռագիրը շարունակում է:

- Արցախի հետ սահմանին լարվածությունը գրեթե մշտապես կա, բայց Հայաստանի հետ սահմանին ժամանակ առ ժամանակ են սրացումներ լինում: Հետաքրքիր է, որ վերջին 20 օրերի ընթացքում հենց Հայաստանի հետ սահմանին են իրադարձությունները կատարվում:

- Ադրբեջանը և Թուրքիան լուրջ պատրաստություն են տեսնում: Եթե հիշում եք, Ադրբեջանի տարածքում մի քանի մեծաքանակ զորավարժություններ եղան, Թուրքիայի հետ համատեղ նախիջևանյան զորավարժություններ անցկացվեցին: Եվ դրանց մեջ, օրինակ, այսպիսի զորավարժություններ կային՝ ինչպես ցածր կետից լեռնային պայմաններում հրետանային կրակ վարել, իսկ Ադրբեջանի սահմանակից լեռնային երկիրը, կարծում եմ, հասկանալի է՝ ով է: Այսինքն՝ իրենք հստակ պատերազմի պատրաստվող գործընթացների մեջ են: Իհարկե, ես չեմ ենթադրում, որ շատ շուտ պատերազմ է լինելու, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ հակառակորդը պատրաստվում է, և իր համար բարենպաստ քաղաքական պայմանների դեպքում, երբ որ մեկ այլ տեղ կարող է որոշակի լարվածություններ առաջանան, և համաշխարհային ուշադրությունն այդ կողմ շեղվի, չի բացառվում, որ օգտագործեն այդ հանգամանքը: Մենք պետք է շատ զգոն լինենք ու անընդհատ, մշտապես պատրաստվածության մեջ:

- Քանի որ լարվածությունը ՀՀ-ի հետ սահմանին է, Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություն լինելու հանգամանքը ի՞նչ-որ դեր չունի այստեղ:

- Ժամանակին, երբ Արցախում նման լարվածության պահերին առաջարկ արվեց, որ ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինի, այն ժամանակ պատասխանեցին, որ այդ շրջանակից դուրս է Արցախը: Բայց այստեղ արդեն անհասկանալի է, եթե Հայաստանի սահմանին են նման իրադարձություններ կատարվում, ինչու են այս դեպքերն անտարբերության մատնված, և արձագանք չկա: Իհարկե, սա արդեն ողջունելի չէ, և կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքների խախտում է:

- ՀԱՊԿ-ն ի՞նքը պետք է զսպող հայտարարություններով հանդես գա, թե՞ Հայաստանը պետք է դիմի կառույցին, որին արդեն կհետևի հայտարարությունը:

- Մեխանիզմներն այնպես են, որ կարծում եմ, նմանատիպ դեպքերի ժամանակ պետք է ՀԱՊԿ-ի անդամ երկրները, եթե իրենց մոտ սահմանային խնդիր է լինում, շատ արագ տեղեկացնեն ՀԱՊԿ-ի ղեկավարությանը, և արձագանք լինի ՀԱՊԿ-ից: Եթե հանդիսանում ես այդ կառույցի անդամ, հետևաբար, նաև այդ կառույցը պետք է արձագանքի: Այլապես անիմաստ է լինում նման կառույցների գոյությունը. եթե այսօր չեն արձագանքում, իսկ եթե վաղը ռազմական գործողություն լինի, այդ ժամանակ ի՞նչ վստահություն ունենանք, որ կարող է աջակից լինել խնդիրների կարգավորմանը և անվտանգությունն ապահովել:

- Ձեր խոսքի սկզբում նաև նշեցիք, որ Ադրբեջանը, Հայաստանի հետ սահմանին լարվածությունը մեծացնելով, ցույց է տալիս, որ դժգոհ է բանակցությունների ընթացքից: Այս դեպքում ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները:

- Ներկայիս իշխանությունները պետք է ռազմական առումով ավելի ուժեղացնեն, հզորացնեն Հայաստանը և որոշակի քայլեր ձեռնարկեն՝ զսպելու հակառակորդի «ախորժակը»: Մենք հիմա գտնվում ենք պատերազմական վիճակում, սա զինադադար է, խաղաղություն չէ, 1994 թ.-ից չընդհատվող պատերազմի ժամանակահատված է: Եվ Ադրբեջանի պես հակառակորդին, որը միայն, կարծես, ուժի լեզուն է հասկանում, որոշակի սանձող գործողություններ պետք է լինեն, որպեսզի ինքն իր դիրքից դուրս չգա: Որքան մենք «մարդասիրական» մոտեցում ցուցաբերենք, այնքան հակառակորդն ավելի է լկտիանալու: Հետևաբար, կարծում եմ, որոշակի կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ:

- Բայց դրան զուգահեռ նաև բանակցություննե՞ր պետք է ընթանան կողմերի միջև:

- Իհարկե, սա հայկական կողմի մոտեցումն է, որ մենք կողմնակից ենք բանակցային ճանապարհով խնդրի լուծմանը, բայց դա չի նշանակում, որ մինչև այդ խնդրի լուծմանը հասնելուն, այդ ընթացքում պետք է հանդուրժենք հակառակորդի ոտնձգությունները:

Основная тема:
Теги: