Միքայելյանն` Օգանովսկու մասին

Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած անձը, հայոց բանակի գեներալը, հայի վրա կրակելու հրաման կտար: Այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին:

«Գեներալը, որն իր կյանքը դրել է մեր ժողովրդի ու Արցախ աշխարհի համար: Ես չեմ հավատում նման բանի»,- ասել է Միքայելյանը:

Միաժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել գեներալի ձերբակալության մասին լուրերը, ինչպես նաև պատասխանել Մարտի 1-ի գործով այլ հարցերի՝ ասելով, որ դեռևս քննություն է ընթանում:

Հիշեցնենք` օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ խմբագրության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքննության արձանագրությունը։

BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հենց այդ խումբն է կրակել, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: