Լենա Նազարյան. «ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է»

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Facebook–ի իր էջում դժգոհություն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ ELARD ընկերության եզրակացության վերաբերյալ։

Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ, որին ասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, համայնքների ղեկավարները, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները և բնապահպանները։

«Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները Էլարդ կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ»,– գրել է Նազարյանը։

Փոխխոսնայը նշում է, որ իր համար դժվար է հավատալ, որ ինքն ընթերցել է նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են:

«Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընըտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին»,– գրել է նա։

Նրա խոսքով, նույն կերպ էլ շարադրված Էլարդի զեկույցը` ՇՄԱԳ-ի վերաբերյալ։

«Զեկույցի հետ կապված իմ մտահոգությունները չփարատվեցին և ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»,– եզրափակում է փոխխոսնակը։

Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։

Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։

Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։

Основная тема:
Теги: