Ամուլսարի հարցով կոռուպցիայի մասին ահազանգող հրապարակումներն ԱԱԾ են ուղարկվել

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազության կողմից ուղարկվել են ԱԱԾ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ` դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Մասնավորապես, խոսքը գնում է Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումների մասին, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին»–գրել է նա։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ Facebook–ի իր էջում գրել է, որ եթե մինչ այս կասկածներ ուներ, որ Ամուլսարի հարցում խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել ապա այժմ արդեն որևէ կասկած չունի:

«Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու միայն խոսքեր ու խոստումներ շաղ տվող շաղակրատ իշխանությանը»,–գրել է նա։

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ևս Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր:

«Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծվել է իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,–գրել է նա։

Նրա խոսքով` անգամ «Լիդիանի» ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն իրեն ուղիղ տեքստով ասացին, թե իրենց կառավարությունից տեղյակ են պահել, որ նա պետք է գնա և Ամուլսար տանող ճանապարհները բացի, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: