«ՄՌԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ

Երկու ամիս առաջ հրապարակվեց հերթական՝ «Երջանկության համաշխարհային զեկույց-2019-ը» (World Happiness Report 2019)։ Սա արդեն յոթերորդ խմբագրումն է այն հետազոտության, որում 156 երկրներ գնահատվում են ըստ նրա, թե որքանով են երջանիկ իրենց քաղաքացիները։

Ահա ուրեմն, երջանկության այդ վարկանիշում Հայաստանն այս անգամ զբաղեցրեց 116-րդ հորիզոնականը։ Ասենք ուղղակի՝ ոչ այնքան պատվավոր տեղը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ նշյալ ցուցանիշով մեզանից առաջ են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուրկինա Ֆասոն, Նիգերը, Նամիբիան, ՍոմալինԻ դեպ, նախկին ԽՍՀՄ երկրներից առաջ ենք անցել միայն Վրաստանից և Ուկրաինայից։

Իհարկե, պետք է նշել, որ 2018 թվականի համեմատ այդ վարկանիշային աղյուսակում մի քանի հորիզոնականով առաջխաղացում ունենք։ Այսպես, անցած տարվա ցուցակում մեր երկիրը զբաղեցնում էր 124-րդ տեղը։ Բայց դա, ավա՜ղ, քիչ է մխիթարում, քանզի փոփոխությունը տեղի է ունեցել բնավ ոչ այն պատճառով, որ ավելի երջանիկ ենք դարձել։ Պարզապես այլ երկրներ են պակաս երջանիկ դարձել։ Իրականում մեկ տարվա ընթացքում երջանկությունը Հայաստանում նվազել է, ինչի մասին վկայում է երջանկության համեմատական ինդեքսը 10 միավորի սանդղակով, որը 2018 թվականի զեկույցով կազմում էր 4,586, իսկ 2019-ին՝ ավելի ցածր. 4,559։

Այո, առաջին հայացքից անկումն այնքան էլ լուրջ չէ։ Սակայն եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է իշխանափոխությանը նախորդած և հաջորդած ժամանակահատվածին, ապա հանգում ենք անմխիթարական եզրակացության. երկրի քաղաքացիներին «թավիշը» չբերեց խոստացված երջանկությունը, և դա արձանագրվում է տվյալ հեղինակավոր զեկույցով։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու։ Ասենք, այդ մասին՝ ավելի ուշ, իսկ առայժմ, վերադառնալով զեկույցին, նշենք, որ այն կազմվում է մի քանի չափորոշիչների հիման վրա։ Մասնավորապես, դա բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն է, կյանքի սպասելի տևողությունը, սոցիալական աջակցությունը, անձնական ազատությունը, վստահության մակարդակը։ Այս բնութագրիչներով իշխանափոխությունը Հայաստանի քաղաքացիներին, բնականաբար, երջանկություն չբերեց։ Թեև, կրկնում եմ, «հպարտ» քաղաքացիներին խոստացել էին երջանկության հրավառություն, պայթյուն

Ամեն մարդ երջանիկ կյանքի իր մոդելն ունի։ Թվում է, դժվար թե շատ են նրանք, ում անձնական երջանկության մոդելում առանցքային տեղ է գրավում այլոց դժբախտությունը։ Բայց սկսում ես, ցավոք, կասկածել դրանում, դիտելով գործող իշխանության կողմից այսօր թելադրվող տեղեկատվական օրակարգը։ Հետհեղափոխական գրեթե յուրաքանչյուր օրվա նորությունների ժապավենը ամենաիսկական «մռայլաբանություն» է։ Ձերբակալություններ, սպանություններ, ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, բողոքներ։ Համատարած նեգատիվ, համատարած քրեական ժամանակագրություն։

Այդ մռայլ դաշտում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ հարձակումների մանրամասների «ըմբոշխնումը» և ատելության մթնոլորտի ձևավորումն այն ամենի հանդեպ, ինչը դուր չի գալիս երկրի ղեկի մոտ հայտնված թիմին։

Արդեն ավելի քան մեկ տարի հասարակությանը հրամցվում է հենց այդ սև մրաջուրը, որի խորապատկերին, իհարկե, ավելի հեշտ է առանց առանձնակի ջանքերի «սպիտակ» երևալ։ Արդեն մեկ տարուց ավելի հասարակությունը, մանավանդ ժամանակին էյֆորիայի մեջ ընկած դրա մասը, սպասում է երկրում դրական փոփոխությունների, իսկ նրան դեմ են տալիս ինտրիգող փաթեթավորմամբ սկանդալներ, հետաքննություններ ու հետապնդումներ։ Երբեմն, իհարկե, հասարակական գիտակցության մեջ հարց է ծագում. իսկ մի՞թե հենց սա է հեղափոխությամբ խոստացված երջանկության գագաթնակետը։ Բայց հարցը անմիջապես խլանում է մռայլ տեղեկատվական ներարկման հերթական չափաբաժնից։

Բոլորովին էլ զարմանալի չէ, որ Հայաստանը 2019 թվականի երջանկության ինդեքսի վերաբերյալ զեկույցում վատթարացրել է իր ցուցանիշը։ Չեն կարող իրենց երջանիկ զգալ նրանք, ում հույսերը խորտակված են, նրանք, ովքեր հուսալով պայծառ ապագա, բախվեցին մութ իրականությանը, նրանք, ովքեր իրենց խաբված են զգում։

Հաջորդ տարվա գարնանը լույս կտեսնի նոր զեկույցը։ Հիմա, իհարկե, բարդ է կանխագուշակել մեր երկրի տեղը «երջանիկ» ցուցակում։ Պարզապես ցանկանում ենք հուսալ, որ Հայաստանը չի հայտնվի ամենադժբախտների թվում. Աֆղանստանի, Ռուանդայի, Տանզանիայի, Հարավային Սուդանի կողքին։ Ավա՜ղ, նման հարևանության հավանականությունը մեծ է

Основная тема:
Теги: