Արճիսի բնակիչները շուտով ջուր կունենան. բողոքի ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը

Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի (M 6)՝ Արճիս գյուղի ճանապարհահատվածը փակած բողոքի ակցիայի մասնակիցները բացել են այն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի (Արճիսը ներառված է այս խոշորացված համայնքի կազմում) ղեկավար Արայիկ Պարանյանը։

Հայտնել էինք, որ վաղ առավոտից արճիսցիները փակել էին ճանապարհը` բարձրաձայնելով խմելու ջրի բացակայության խնդիրը։

«Բողոքի ակցիա անողներին հետ հանդիպեց Տավուշի մարզպետը` Հայկ Չոբանյանը ու զրուցեց նրանց հետ։ Այստեղ են նաև «Վեոլիա ջրի» ներկայացուցիչները։ Որոշվեց` հարցին ժամանակավոր լուծում տալ` մինչև կառավարությունը հիմնարար լուծման մեր առաջարկը կհաստատի»,–ասաց Պարանյանը։

Նա հայտնեց նաև, որ կառավարությանը ներկայացրել են նախագիծ, ըստ որի` անհրաժեշտ է ջրագծի ներքին ցանց կառուցել։

Նրա խոսքով` ինքն այժմ «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների հետ գնում է Արճիսի գյուղամեջ, որպեսզի գյուղի միջով անցնող ջրագծի միջոցով գյուղացիներին ժամանակավոր ջրով ապահովեն։

Նշենք, որ համայնքն անտառից եկող աղբյուրներից էր ջուր ստանում, սակայն հիմա այդ աղբյուրները չորացել են, ինչի պատճառով խմելու ջրի խնդրի առաջ են կանգնել։

Հիշեցնենք` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնպես հայտարարել էր, որ զբաղվում է խնդրով։

Արճիսի բնակիչները հուլիսի 1–ին նույնպես փակել էին M 6 ավտոճանապարհի՝ Արճիսի հատվածը: