ՆՄԱՆ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՉՈՐՍ ՏԱՐԻ՞. ԴՈՒՔ ԻՆՉ Է, ԾԱՂՐՈ՞ՒՄ ԵՔ

Ընդհանրապես կարծում եմ, որ Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը մեկուկես ժամ մեկնաբանելուց հետո վարչապետ Փաշինյանը լիովին հասունացել է էկոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնելու համար։ Թե չէ ահավասիկ աչքի անցկացրեցի դափնեկիրների ցանկը. ոչ մի հայկական ազգանուն, բոլորը ինչ-որ Հայեկներ ու Միլթոն Ֆրիդմաններ են։ Խայտառակությո՛ւն։ Կարճ ասած, թանկագին վարչապետ, հագեք ձեր ֆրակն ու տիկնոջ հետ՝ հայդե Ստոկհոլմ քաղաք (դա Շվեդիայում է, չշփոթեք)։ Նոբելյան կոմիտեում էլ բնավ հիմարներ չեն նստած, գլուխ կհանեն, թե ինչն ինչոց է։

Իսկ այ մեզանում առայժմ, դատելով ամենից, գլուխ չեն հանել։ Ահա և իսկական փոթորիկ բարձրացրեցին Ամուլսարի վերաբերյալ հանրաքվեի շուրջ։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ ինքը՝ վարչապետը հայտարարել է. պետությունն ու հասարակությունը պետք է խոսեն մեկ ձայնով։ Մենք, ըստ էության, դեմ չենք, միայն թե՝ ո՞ւմ ձայնով։ Ափսոս, որ չճշտեց դա Փաշինյանը, քանզի մեր ու իշխանության ձայները տարբեր են, և մեկնումեկս ստիպված ենք հարմարվել մյուսին։ Քաղաքակիրթ երկրներում հարմարվում է իշխանությունը. նա, ըստ էության, ընտրության հնարավորություն էլ չունի, մեկ անգամ չի հարմարվի, երկու անգամ, իսկ երրորդ անգամ, մեկ էլ կտեսնես, արդեն ամենևին էլ իշխանություն չէ։ Մերոնց պարգայում այդ հնարքը չի անցնի. իշխանությունն ախր հեղափոխակա՛ն է։ Ահա և իրեն թույլ է տալիս նկատողություններ անել հասարակությանը. սխալ ձայնով ես խոսում, վշտացնում ղեկավարութանը։ Բայց եկեք չշեղվենք և անցնենք հանրաքվեի թեմային։

Բարդ խնդիրները հազվադեպ են ունենում պարզ լուծումներ։ Ձևացնելով, թե հանելուկը լուծված է, մենք ենթարկվում ենք ինքնավստահության վտանգավոր ծուղակն ընկնելու սպառնալիքի։ Մենք այնքան համոզված ենք սեփական իրավացիության մեջ, որ ուշադրություն չենք դարձնում բոլոր այն փաստերին, որոնք հակասում են արված եզրակացությանը։

Գոյություն ունի երկու պարզ միջոց՝ անելու այնպես, որ կեղծ համոզմունքը երբեք չազդի մեր կարծիքի վրա։ Նախ՝ միշտ հաշվի առնել մրցակից հիպոթեզները։ Ստիպելով քեզ նայել փաստերին այլ, գուցեև անցանկալի ոսպնյակի միջով, հաճախ հայտնաբերում ես, որ համոզմունքներդ կառուցված են բավական երերուն հիմքի վրա։ Երկրորդ՝ պետք է մշտապես հիշեցնես ինքդ քեզ այն, ինչը մենք չգիտենք։ Նույնիսկ լավագույն մոդելներն ու տեսությունները կարող են փլուզվել բացարձակ անկանխատեսելի իրադարձություններից։ Փոքեր խաղացողները դա անվանում են «բեդբիթ», և յուրաքանչյուր խաղացող պատմություններ ունի խաղադրույքների մասին, որոնք տանուլ է տվել, որովհետև ստացել է այն միակ խաղաքարտը, որ չէր սպասում։

Վերցնենք թեկուզ Ամուլսարի վերաբերյալ հանրաքվեն, որի մասին այսօր շատերն են խոսում։ Թվում է, թե դա ստեղծված իրավիճակից ելքի ամենապարզ ու ճիշտ միջոցն է. թող ժողովուրդը անմիջական ժողովրդավարության պայմաններում ինքը վճռի հանքավայրի ճակատագիրը։ Բայց, ինչպես միանգամայն արդարացիորեն նշում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, Ամուլսարի խնդիրը չի կարող լուծվել հանրաքվեի միջոցով։ Համաձայն մեր օրենսդրության, հանրաքվե կարող է անցկացվել միայն օրենքների առնչությամբ, ուստիև տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի դա անվանել հասարակական կարծիքի հարցում կամ պլեբիսցիտ, որը, սակայն, իրավական ուժ չունի։

Ուրեմն անհրաժեշտ է օրենք ընդունել Ամուլսարի մասին, կասեն հանրաքվեի կողմնակիցները։ Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ օրենքը կհակասի Սահմանադրությանը, քանզի, ըստ Դ.Հարությունյանի՝ «օրենքը չպետք է վերաբերի կոնկրետ ձեռնարկությանը։ Դու չես կարող ասել՝ կոշիկի այսինչ ֆաբրիկային նվիրված օրենք»։

Քանի որ մենք սկսեցինք հնչեցնել տարրական ճշմարտություններ, համարձակվեմ հիշեցնել ևս մեկ բան։ Դուք լա՞վ եք մտապահել, թե ինչպես էր մեկուկես տարի առաջ, շնչահեղձ լինելով հրճվանքից, Փաշինյանը Հանրապետության հրապարակում բղավում «ուղիղ ժողովրդավարության» մասին։ Իսկ թե ինչ տեսք ունի այդ չնաշխարհիկ գեղեցկությունն այսօր տեղանքում, նույնպես երևի տեսնում եք։ Դատարկություն, զրո։ Ի՞նչ հարցեր են լուծել հպարտ քաղաքացիներն այս ընթացքում «ուղիղ ժողովրդավարության» միջոցով։ Դատարանների շրջափակումը, թե՞ խորհրդարանի հակասահմանադրական լուծարումը։ Երկրի գլխավոր դեմագոգին ու պոպուլիստին բնորոշ չէ նույնիսկ մնացորդային բարեխղճությունը։ Նրա բոլոր մրցակիցները թուլամորթներ գտնվեցին, քանզի չկարողացան լիովին ազատվել խիղճ կոչեցյալ քիմեռից, մինչդեռ Փաշինյանը կարողացավ։

Հավանաբար՝ այն պատճառով, որ չուներ այն, ինչից պետք է ազատվեր. այդպես էլ է պատահում։ Իսկ ներկայումս, այն ամենից հետո, ինչ այդ քաջ կտրիճներն արդեն քանդուքարափ են արել իրենց ղեկավարած տեղերում, ի՞նչ իմաստ ունի ամաչելը։

Եվ մի՞թե կարելի է չհամաձայնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, որը համարում է. «Ուղիղ ժողովրդավարությունը հանրաքվեների օրենքի փոփոխությունն է, որը Հայաստանում տեղի չունեցավ: Այսինքն՝ այդ ուղիղ ժողովրդավարությունը հերթական դեմագոգիան, պոպուլիզմն էր ընդամենը, որը առաջ չգնաց, մեխանիզմի չվերածվեց»։

Այսօր, լսելով «ուղիղ ժողովրդավարություն» բառակապակցությունը, Փաշինյանը միայն ժպտում է Ջոկոնդայի խորհրդավոր ժպիտով։ Չէ՞ որ միայն ինքն է հա՛մ դերձակը, հա՛մ քաղվորը, հա՛մ շվիի լավ փչվորը։ Եվ նրան, ով կասի, թե դա այդպես չէ, խնդրում եմ համարել օտարերկրյա զբոսաշրջիկ։

Իշխանության ընթացիկ քաղաքականության առանձնահատկությունն ամփոփված է, նախ՝ ամեն ինչ վճռելու և ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրելու ցանկության մեջ։ Երկրորդ՝ արևմտյան ներկայացուցչական ժողովրդավարության գերազանց սկզբունքներին ամեն կերպ համապատասխանելու անհրաժեշտության վրա սևեռվածության, որի պայմաններում ով որ վճռում է, նա էլ մասամբ պատասխանատու է, իսկ ով պատասխանատու է, նա էլ մասամբ վճռում է։ Իր գործողություններով Փաշինյանը կարճ միացման պես մի բան առաջացրեց, համակցելով առաջին՝ գործնական թեզիսը երկրորդի՝ տեսականի հետ։ Եվ արդյունքում իշխանության քաղաքականությունն արդեն երկար ժամանակ սաստիկ կայծեր է ցայտում ու ծխարձակում։

Խնդիրն այն է, որ կարճ միացումը բնավ ոչ միշտ է էլեկտրասարքը նորոգելու լավագույն միջոց։ Բայց էլեկտրասարքն էլ, որը կարողանում է միայն կուտակել ներուժերի տարբերականություն, ինքնին հրդեհավտանգության ուժգին աղբյուր է, ինչի հետ էլ կապված են դրա մեջ պարբերաբար առաջացվող առավել կամ պակաս տպավորիչ կարճ միացումները։

Որպես հետևանք, քաղաքական կյանքն այս իշխանության օրոք բաբախում է առույգ զարկերով, բայց առավելապես՝ կռանամուրճի և, ինչպես ասում են, շարունակ գլխներիս։ Բայց ոչինչ. եթե մարդուն հանկարծակի հարվածես, նա կճչա ցավից, իսկ եթե երկար ժամանակ, ասես գրաֆիկով, համաչափորեն տաս գլխին, ապա կվարժվի։

Վատն այն է, որ քաղաքական կյանք Հայաստանում արդեն չկա. Իրոք որ, հո չե՞ս կարող քաղաքական կյանք համարել փոշոտ տիկնիկարկղը, որտեղ պատվերով բերանները բացում ու պտտվող բանալիով տեղում վազվզում են ժողովրդի լարովի ծառաները։ Ինչպիսին, օրինակ, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, որը հայտարարեց. «Մենք իշխանության ենք եկել ոչ թե Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը շահարկելու համար, այլ ուրիշ արժեհամակարգ առաջ բերելու։ Բայց եթե ժողովուրդը կգտնի, որ դա այն հարցն է, որի պատճառով իշխանությունը պետք է հեռանա, ինքը կարող է կազմակերպել իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվե, և մենք սուս-փուս կհեռանանք»։

Դե, թե ինչ արժեհամակարգ են մտադիր առաջ բերել Աղազարյանն ու զինակիցները, նրանք համատեղ ջանքերով արդեն իսկապես ցույց են տվել։ Լավ կլիներ հիմա էլ մի քիչ ամոթ և ուղեղ ցույց տային։ Թեպետ, եկեք չպահանջենք անհնարինը։

Իսկ ինչ վերաբերում է «սուս-փուս հեռանալուն», ապա մի՞թե պարտադիր է դրա համար հանրաքվե անցկացնել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե փոխ առնեն ամերիկյան փորձը։ ԱՄՆ նախագահ Հարդինգը մի առիթով ասաց իր մասին. «Ես այս պաշտոնի համար պիտանի չեմ, ինձ չէր կարելի մոտ թողնել այս աթոռին»։ Եվ հեռացավ սուսուփուս։ Առանց որևէ հանրաքվեի։

Թե չէ նման զվարճանքների ևս չորս տարի՞. դուք ինչ է, ծաղրո՞ւմ եք։