ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂԻՑ ԵԿԵԼ Է
Գործը փոխանցվել է դատարան
Իշխանափոխությունից ոչ շատ առաջ Դավիթ Սանասարյանն իրեն դրսևորեց որպես երրորդ նախագահի կենսաթոշակի համար մանրադրամ հավաքելու ցածրորակ ակցիայի նախաձեռնող։
Գիրուկ երիտասարդը աջակից խմբով տեղավորվել էր մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտի ասֆալտին և մանրադրամներ էր հավաքում Սերժ Սարգսյանի ծաղրանկարով երեքլիտրանոց բանկաների մեջ։ Անցորդներից ոմանք ծիծաղում ու գրոշներ էին գցում մայթին, ոմանք հարցնում Սանասարյանին ու իր ընկերներին. «Իսկ դուք բանակում ծառայե՞լ եք, թեկուզ մեկ անգամ ձեռքում ավտոմատ բռնե՞լ եք, կռվե՞լ եք»։
Հավաքված ողջ գումարը ծրագրվում էր փոխանցել Բաղրամյան 26-ի նստավայր։ Փողոցային ակցիաները, որպես կանոն, սրամտությամբ չեն փայլում, դրանք նախատեսված են սովորական անցորդների ուշադրությունը գրավելու համար, բայց այդ ակցիան մտապահվեց ատելության մի տեսակ առանձնահատուկ լիցքով և այն մարդուն ծանակելու տենչով, որը բազմապատիկ ավելին է արել և անում երկրի համար, քան Սանասարյանն ու իր ողջ ընկերախումբը միասին վերցրած…
Ավելի ուշ Սանասարյանը միացավ «Իմ քայլը» նախաձեռնությանը և Փաշինյանի առանձնահատուկ բարեհաճության շնորհիվ զբաղեցրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը, որից հետո թերթերը նախանձելի մշտակայությամբ սկսեցին տեղեկություններ հրապարակել նորաթուխ պաշտոնյայի թանկարժեք կոստյումների և արտասահմանյան մակնիշի մեքենայի մասին։ Գիրուկ երիտասարդը միանգամից է՛լ ավելի գիրացավ։ Սանասարյանն այնքան հանկարծակի հայտնվեց իշխանության բարձունքում, որ դժվար չէր մեծագույն հավանականությամբ կանխատեսել. սրընթաց վերելքին անպայման կհաջորդի նույնքան կտրուկ անկումը։ Այդպես էլ ստացվեց։ Երբ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ իր զինակիցներից ոմանք, հայտնվելով բարձր պաշտոններում, դրսևորեցին բնավ ոչ լավագույն պահվածք, ԶԼՄ-ները միանգամից հիշեցին Սանասարյանի մասին։
Ավելի ուշ հայտնվեց ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքը, իսկ բառացիորեն օրերս հայտնի դարձավ, որ գործը փոխանցվել է դատարան։ Այդ մասին հաղորդեց Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։ Ազգային անվտանգութան ծառայության հետաքննության շրջանակներում ՊՎԾ ղեկավարին մեղադրանք է ներկայացված Քր.օր.-ի 308-րդ (մաս 1) հոդվածով։ Խոսքը պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին է։ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։ ՊՎԾ-ի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։ Իրեն ներկայացված մեղադրանքը Սանասարյանը համարում է սարքովի։ Քանի դեռ ընթանում էր հետաքննությունը, ԶԼՄ-ները բազմիցս տեղեկութուններ էին հրապարակում այն մասին, որ մեղադրանքը ներկայացվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքների հիման վրա։ Այսօր շատերն են կասկածում, թե դատարանի որոշմամբ Սանասարյանը կարդարացվի։
Իոաննիսյանին փողեր են տվել բյուջեից
Հենց որ տեղեկություններ հայտնվեցին չարաշահումներին Սանասարյանի առնչության մասին, ԶԼՄ-ներում տեղեկատվություն պտտվեց, թե իշխանական կառույցներում գտնվող Սորոսի տղաները պահանջել են, որ Փաշինյանը գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվի քրեական գործ հարուցելուց, բայց գործն այնուամենայնիվ հարուցեցին։
Դժվար թե դատարանը անհամոզիչ համարի մեղադրող կողմի փաստարկները։ Նիկոլի ամենամտերիմ զինակիցներից մեկին մեղադրանք ներկայացնելու համար Արթուր Վանեցյանի ղեկավարած ծառայությանը պահանջվեցին չափազանց համոզիչ ապացույցներ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ի սկզբանե այդ ապացույցները ներկայացվել են Փաշինյանին և հենց նա էլ համաձայնություն է տվել Սանասարյանի քրեական հետապնդմանը։
Չնայած արմատական հեղափոխական միջոցների կողմնակցի ամպլուային, Սանասարյանը ՊՎԾ-ում վարում էր հին կադրերի վրա հիմնված կադրային քաղաքականություն։ Օրինակ, նրա տեղակալը Ալբերտ Աբգարյանն էր, որը ժամանակին աշխատել է նախագահականում և վայելել Սերժ Սարգսյանի վստահությունը։ ՊՎԾ-ի բնապահպանական ծառայության պետ Արման Դավթյանը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Թունելի Հակոբ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի քրոջորդին է։ Այդ քեռին ժամանակին ուշադրություն է գրավել Ամուլսարի հանքավայրի մշակման համար տեխնիկայի մատակարարումներով։ Մամուլը գրում էր նաև Սանասարյանի և Մոնարխ մականունով Արմեն Գինոսյանի կապերի մասին, որը նույնպես նախկին իշխանության ներկայացուցիչն է, ընդ որում՝ բնավ ոչ լավագույն էշելոնից…
Նոր իշխանության կոռումպացվածության մասին քիչ են խոսում, դեռևս գործում են կարծրատիպերը, համաձայն որոնց՝ Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի և հովանավորչության դեմ։ Այն մարդկանց մասին, որոնք եկամտաբեր պաշտոններ են ստացել միայն Նիկոլի ու իր կնոջ հետ ազգակցական կապերի և ընկերության շնորհիվ, գրվել է բազմիցս, այնպես որ հերթական անգամ չենք թվարկի այդ ազգանունները։ Ամուլսարը հանքավայրի վերածելու սկանդալային որոշումից հետո բնապահպան ակտիվիստները և ԶԼՄ-ները սկսեցին ակնարկել կոռուպցիոն ռիսկերի մասին, որից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» սորոսական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննեսյանը հրապարակավ հայտարարեց. «Որ Փաշինյանն ու Ավինյանը կաշառք վերցնեն «Լիդիանի՞ց. չե՛մ հավատում», ինչի համար կառավարությունից տեղնուտեղը որոշում ստացավ Ստեփանակերտում իր կազմակերպության մասնաճյուղի ֆինանսավորման մասին։
Կոռուպցիայի հետ Սանասարյանի առնչությանը իշխանության սորոսական թևի ներկայացուցիչները նույնպես չէին հավատում, ավելի ճիշտ՝ ձևացնում էին, թե չեն հավատում, սակայն գործը փոխանցվել է դատարան և, ամենայն հավանականությամբ, Ազգային անվտանգության ծառայության տվյալների վրա հիմնված մեղադրանքը կհաստատվի։ Ըստ երևույթին, Սանասարյանը կվերադառնա այնտեղ, որտեղից սկսել է իր քաղաքական կարիերան. մետրոյի մուտքի մոտի թքոտ մայթ՝ մանրադրամի համար երեքլիտրանոց բանկաներով։ Սանասարյանը բնավ առաջինը չէ, որ գլխապտույտ է ապրել կարիերային կտրուկ վերելքից և անխոցելիության պատրանքներ տածել։
Ցուցադրական դատավարություն
Սանասարյանի գործը հասարակայնության ուշադրության կենտրոնում է։ Ակտիվորեն լուրեր են շրջում այն մասին, թե նա դարձել է իշխանության սորոսական և ոչ սորոսական ճյուղերի միջև հարաբերություններում բախման զոհը։
Բնականաբար, սորոսական ճյուղը ծայրաստիճան շահագրգռված էր նրանում, որ պետության գլխավոր վերահսկիչ կառույցը ղեկավարի իր մարդը։ Այսօր հիմնադրամների ղեկավարությունն ակնկալում է, թե դատարանը կարդարացնի Սանասարյանին, և նա կվերադառնա իր պաշտոնին։
Տվյալ իրավիճակում առավել հավանական մեղադրական դատավճռի օգտին է վկայում հենց իր՝ Սանասարյանի հայտարարությունը, որը դատապարտել է վարչապետի որոշումը Ամուլսարի շահագործման վերաբերյալ։ Նիկոլը նման քայլերը չի ներում, իսկ Սանասարյանը, ըստ երևույթին, հասկացել է, որ կորցնելու բան արդեն չունի…
Ըստ մեզ հասած տեղեկությունների, նեղ շրջանակում Սանասարյանը հայտարարել է, որ եթե դատարանի որոշումից հետո իրեն թույլ չտան վերադառնալ նախկին պաշտոնին, ապա կգլխավորի հասարակական կազմակերպություն, որը հանդես կգա կառավարության սուր քննադատությամբ։ Հավանաբար այդպես էլ կլինի, եթե նրան մինչ այդ չուղարկեն ճաղերից այն կողմ։
Ըստ երևույթին, Սանասարյանի նկատմամբ դատավարությունը ցուցադրական կլինի, իշխանությունն առանձին օրինակով ցույց կտա հասարակայնությանը, թե շարունակում է հետևողականորեն պայքարել կոռուպցիայի դեմ, անկախ անձերից ու պաշտոններից։ Մենք արձանագրում ենք սա առանց չարախնդության, պարզապես ուզում ենք հիշեցնել բոլոր նրանց, ովքեր փորձում են ամրապնդվել գործող քաղաքականության մեջ նախորդների հանդեպ ատելություն արմատավորելու հաշվին. բումերանգի օրենքը մեր աշխարհում գործում է անխափան։