65 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ…
Հայկական պետությունների քառակի նախագահը
Օգոստոսի 31-ին լրացավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65 տարին։ Հոբելյանը լավագույն առիթն է արդյունքներն ամփոփելու և ապագայի ծրագրեր կազմելու համար։ Քոչարյանը բացառիկ կերպար է։ Առայժմ ուրիշ ոչ մի հայի չի հաջողվել ամբողջ չորս անգամ դառնալ հայկական պետության նախագահ։
Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահ ընտրվեց 1994թ. դեկտեմբերին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի ձայների բացարձակ մեծամասնությամբ, 2 տարի ժամկետով։ 1996թ. նոյեմբերին նա վերընտրվեց նախագահի պաշտոնում անմիջական համաժողովրդական ընտրությունների միջոցով։ 1997թ. մարտին Ռ.Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, 1998-ին դարձավ Հայաստանի նախագահ, 2003-ին վերընտրվեց այդ պաշտոնում։ 1994 թվականին առաջին անգամ ընտրվելուն նախորդել էին աշխատանքը Պաշտպանության պետկոմիտեի նախագահի (1992թ.) և ԼՂՀ վարչապետի պաշտոնում, մինչ այդ պայքարի տարիներն էին ԼՂՀ անկախության համար։
Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքում նկարագրված է Ռոբերտ Քոյարյանին սպանելու ԽՍՀՄ ժամանակների գործողության ծրագիրը, Ղարաբաղյան շարժումը առաջին իսկ քայլերից գլխատելու համար։ Նշված է նույնիսկ տեղը, որտեղ ծրագրվում էր նետել մարմինը։ Երբ գիտակցում ես, թե ինչի միջով են անցել մարդիկ Շարժման առաջին օրերից և մինչև 2019 թվականը, ապա հասկանում ես, որ նրանց արածը կբավականացներ մի քանի կյանքի։ Ավա՜ղ, իշխանություն ճանկած անհագուրդ քաղաքական թերհասները ենթագիտակցության մակարդակով ժխտում են երկրի և ժողովրդի հերոսական անցյալը, փորձելով նսեմացնել կամավորական ջոկատների և հայկական բանակի հաղթանակների նշանակությունը երկու ազատամարտերում։ Նրանց համար ազատագրելն ու պաշտպանելը ուրիշ օպերայից է, որն ականջ է ծակում։ Քաղաքական դեռահասների մանկամտությունը նրանց թույլ չի տալիս ըստ արժանվույն գնահատել այն մարդկանց արժանիքները, ովքեր իրենց են փոխանցել երկիրը։ Նրանք կարողանում են միայն ծանակել անցյալը, նվաստացնել, գռեհկացնել, փլուզել ու արժեզրկել…
Նիկոլը, որը ձեռքում երբեք զենք չի բռնել, անկարող է հասականալ, թե ինչ է նշանակում վտանգել սեփական անձը հանուն այլոց ազատության։ Նա երբեք չի հասկանա, թե ինչ է դա. գտնվել պաշարված քաղաքում՝ մշտական գնդակոծության տակ, վերապրել 1992թ. հունիսի 12-ի սև օրը, չի հասկանա, թե ինչ է նշանակում սպասել, թե երբ է հակառակորդի տանկային շարասյունը Խաչենի կամուրջով շարժվելու դեպի Ստեփանակերտ, չի հասկանա, թե ինչ է նշանակում իր մեջքին հոսպիտալ տանել վիրավոր եղբորը…
Սրանք նման բանի ընդունակ չեն, դրա համար էլ վախենում են Ձեզանից, պարոն Նախագահ։ Դրա համար էլ փորձում են երկար ժամանակով փակել բանտում. ազատության մեջ Դուք նրանց համար վտանգ եք ներկայացնում։ Որովհետև քաղաքական դաշտում Ձեր լոկ ներկայությամբ ստվերում եք նրանց և ակներև դարձնում նրանց ապաշնորհությունն ու քաղաքական իմպոտենցիան։ Դուք կարողացաք որպես գրագետ քաղաքական գործիչ Ձեզ դրսևորել ոչ միայն Արցախի ազատագրման պայքարում, այլև հհշական թալանից հետո հայկական տնտեսությունը վերականգնելու աշխատանքում։ Ձեր նկատմամբ հաշվեհարդարը Նիկոլի և իր թիմի ստորագրումն է սեփական անզորության տակ։ Նրանք հասկանում ն, որ իրենց տրված չէ անել այն, ինչ արեցիք Դուք. մուտք գործել քաղաքականություն և վերափոխել այն։
«Կովկասյան վագր» դառնալու ճանապարհին
1998 թվականին, երբ Ռուսաստանը տնտեսական ճգնաժամ էր ապրում, Հայաստանում նախադրյալներ էին ձևավորվում տնտեսական կայուն աճի համար։ Չնայած այն բանին, որ ռուսաստանյան դեֆոլտի հետևանքները 1999-ին հանգեցրին տեմպերի որոշակի նվազման, հաջորդ տարիներին դրան փոխարինելու եկավ սրընթաց աճը, որը 2002-ից ի վեր հաշվարկվում էր երկնիշ ցուցանիշներով։
1998-2007թթ. ՀՆԱ-ի միջին տարեկան իրական աճի տեմպերը կազմում էին 10,5%՝ ԱՊՀ այլ երկրների 6%-ի համեմատ։ Եթե 1993-ին ՀՆԱ-ն կազմում էր 1989-ի մակարդակի 44,3%, ապա 2007-ին ՀՆԱ-ն գերազանցեց 1989-ի մակարդակը 46,9%-ով, մինչդեռ ԱՊՀ մյուս երկրներում ՀՆԱ-ի միջին ցուցանիշը 1989-ի մակարդակին հավասարվեց շատ ավելի ուշ։
2006 թվականին ներդրումների աճի տեմպերը մոտավորապես հնգապատիկ գերազանցեցին 1998թ. ցուցանիշները, անվանական ներդրումների աճը նույնպես 2006-ին գերազանցեց 1998-ի մակարդակը գրեթե հինգ անգամ։ Օտարերկրյա ներդրումների հանրագումարային ծավալը (չհաշված պետական հաստատությունների և բանկային կառույցների ստացած վարկերը) 9 տարում (1998-2007թթ.) կազմեց 2,784 մլրդ դոլար, դրանցից անմիջական կապիտալ ներդրումների բաժինը կազմեց 1,8961 մլրդ դոլար։ 1998-2002թթ. ներգրավված օտարերկրյա անմիջական ներդրումների ծավալի մեջ գերակշռում էին խոշոր ներդրումները, օրինակ, կապի ոլորտում «ԱրմենՏելը», էներգետիկայում «ՀայՌուսգազարդը», ավելի ուշ էականորեն աճեցին օտարերկրյա կապիտալի ներդրումները փոքր և միջին ծավալներով։
Եթե Փաշինյանի կառավարությունն ի վիճակի լիներ ապահովել թեկուզ մեկ երրորդն այն ամենի, ինչ արել է երկրի համար Ռոբերտ Քոչարյանը, ապա վարչապետի ժամանակը և ուժերը չէին բավականացնի քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար։
Թեպետ, համեմատությունն այստեղ անպատեհ է. չի կարելի համեմատել Աստծո շնորհը ձվածեղի հետ։ Քոչարյանն իշխանության եկավ, երբ երկիրը շնչահեղձ էր լինում հհշական թալանի և սանձարձակ անօրինության լծի տակ։ Նրա խնդիրն էր՝ վերականգնել տնտեսությունը և շարժման մեջ դնել պետական զարգացման մեխանիզմը։ Այդ խնդիրը Ռ.Քոչարյանը հաղթահարեց փայլուն կերպով։ Իսկ Նիկոլը իշխանության եկավ, որպեսզի կատարի ազատագրված տարածքների հանձնման Բոլթոնի ծրագիրը, զրոյացնի հայոց բանակի հաղթանակը Քառօրյա պատերազմում, ներշնչի ժողովրդին, թե գունավոր հեղափոխության անցած տարվա ծաղրապատկերն ավելի կարևոր է, քան հաղթանակը Արցախի ազատամարտում, և վարկաբեկի հայոց բանակը, հաղթանակի գեներալներին ու հրամանատարական կազմին։
2007թ. հունվարի 1-ին մեր երկրում արդեն գործում էր 3347 ձեռնարկություն՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ. դրանք ռուսաստանյան, իրանական և ամերիկյան կապիտալի մասնակցությամբ ընկերություններ էին։ 2007-ի դրությամբ Հայաստանը ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր էր ստորագրել 37 երկրների հետ։
Որպեսզի հիշեն
2001 թվականին Հայաստանը մտավ Եվրոպայի խորհուրդ, 2007-ին սկսվեցին բարեփոխումները պաշտպանության ոլորտում։ 2007թ. մարտի 19-ին Ռոբերտ Քոչարյանը և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնապես բացեցին Իրան-Հայաստան գազատարը։
2007 թվականին ոսկերչական արտադրանքի թողարկման ծավալը հասավ 145 մլն դոլարի։ Եթե 1992-ին մեր երկրում գործում էր մոտ 70 IT-ձեռնարկություն, ապա 2007-ին դրանց թիվն արդեն անցնում էր 230-ից։ «Մայքրոսոֆթը», «Նեյշընլ ինսթրումենթսը», «Ալկատելը», «Լայկոսը», «Սորսիոն» և օտարերեկրյա այլ ընկերություններ Հայաստանում իրենց մասնաճուղերը բացեցին Քոչարյանի կառավարման տարիներին։
Մեկ հոդվածի շրջանակներում անհնար է թվարկել այն ամենը, ինչ արել է Հայաստանի և Արցախի համար Քոչարյանը։ Իսկ այն, որ քառակի նախագահն ու ազգային հերոսն այսօր հնարովի մեղադրանքով ազատազրկված է լոկ այն պատճառով, որ այդպես են ցանկանում Նիկոլն ու իր քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանը, բնորոշում է բնավ ոչ իրեն՝ Քոչարյանին, և ոչ էլ նույնիսկ Նիկոլին ու Լևոնին։ Դա բնորոշում է մեզ։
Առողջությո՛ւն և երկար տարիների արգասաբեր աշխատանք
Այդ մենք ենք թույլ տալիս քաղաքական թերուսին ու դասալիքին ծաղրի ենթարկել այն քաղաքական գործչին, որն աշխարհին ստիպեց հարգել հայերի պատմական հիշողությունը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ճանապարհով, համաշխարհային հասարակայնությանը հասցրեց սեփական հողի վրա ապրելու և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Արցախի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը։
Աշխարհն ըմբռնումով էր արձագանքում այդ իրավունքը ալիևյան սուլթանության ոտնձգություններից պաշտպանելու Ռ.Քոչարյանի կոչերին։ Նա գործնականորեն ապացուցեց Տեր-Պետրոսյանի այն թեզի սնանկությունը, թե «Սերգո ջանը» լավ չի ապրի, մինչև որ չհանձնենք ազատագրված տարածքները։ Նա ցույց տվեց, որ Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացումը հնարավոր է՝ շրջանցելով հրաժարումը ազատագրված տարածքներից, և նրան դա չներեցին ո՛չ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդածի հեղինակը, ո՛չ էլ նրա քաղաքական ենթավարպետը։
Տեր-Պետրոսյանը ձգտում է ամեն գնով ապացուցել (դա նրա կյանքի գլխավոր նպատակն է), թե իրավացի էր ինքը, այլ ոչ թե «հայտնի ուժերը», որոնք իրեն ստիպեցին հրաժարական տալ, քանի որ համաձայն չէին կարգավորման փուլ առ փուլ տարբերակին, որը առաջին իսկ փուլում նախատեսում էր հրաժարվել ազատագրված տարածքներից։ Նիկոլը փորձում է Քոչարյանի վրա բարդել 2008թ. մարտի 1-ի արյունահեղության համար իր իսկ մեղքը. չէ՞ որ հենց Նիկոլն էր այդ օրը ցուցարարներին սադրում բախվել ոստիկանության հետ, իսկ Լևոնը կարող էր, բայց չտեղափոխեց ակցիան մեկ այլ, անվտանգ տեղ։ Այսօր այդ երկուսը փորձում են «փակել» Քոչարյանին, որպեսզի իրականացնեն ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ Բոլթոնի ծրագիրը։
Քննչական մեկուսարանը բնավ ամենահարմար տեղը չէ հոբելյան նշելու համար, բայց մենք ցանկանում ենք, որ Դուք, պարոն Նախագահ, իմանաք. հայ հասարակության մտածող մասը վստահ է, որ արդարությունն ի վերջո կհաղթի, և Դուք կհայտնվեք ազատության մեջ։ Առողջությո՛ւն Ձեզ և երկար տարիների արգասաբեր աշխատանք՝ հանուն Հայաստանի և Արցախի բարգավաճման։ 65 տարեկանում կյանքը նոր է սկսվում…