ՍՊԻՏԱԿԻ ՊԻԳՄԵՆՏՆԵՐԸ. ՆՎԻՐՎՈՒՄ Է ՔԱՂՌԱՍԻԶՄԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Լրանում է մեկ տարին այն օրից, ինչ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանք նետվեց թեզիսը սևի և սպիտակի մասին։

Հիշեցնեմ, անցած տարվա սեպտեմբերի 2-ին, Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների քարոզարշավի մեկնարկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը հայտարարեց. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ. այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»։

Այն ժամանակ այդ հայտարարությունը, որն իր էությամբ առանձնապես չէր տարբերվում ռասիզմի քարոզչությունից՝ թեկուզ նույնիսկ քաղաքական, մեծ արձագանք առաջացրեց, տեղ-տեղ՝ շոկային, բայց Մարությանի թեզիսն այնուամենայնիվ առանցքային գտնվեց ողջ ընտրարշավի ընթացքում, սև-սպիտակ ջրբաժանը արդարացվեց Փաշինյանի կողմից և աստիճանաբար դարձավ երկրի հասարակական-քաղաքական օրակարգի հիմքը։ Սպիտակները եկան իշխանության, իսկ սևերը թեև հեռացան, բայց արդեն ավելի քան մեկ տարի ապահովում են սև-սպիտակ թեզիսի կենսունակությունը։ Եթե չլինի սև խորապատկերը, սպիտակը չես տարբերի։ Բուն գաղափարը գույների հակադրության մեջ է։

Ասենք, տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է, խոսքը սև-սպիտակ «գունազատման» յուրօրինակ պիգմենտների, այն մասին է, թե հատկապես ինչն է ապահովում իշխանության սպիտակ գույնը։ Սևերի պարագայում այդ տեսանկյունից ամեն ինչ հասկանալի է։ Սպիտակները բղավում են. կոռուպցիա, հովանավորչություն, բյուջետային փողերի գրպանումներ, այն ամենի յուրացում, ինչը պատկանում է ժողովրդին, գումարած 2008-ի մարտի 1-ի իրադարձություններ, գումարած ռեժիմի հակաժողովրդավարականություն, ցանկացած մակարդակի ընտրությունների կեղծում։ Սա, իհարկե, չափազանց համեստ ցանկն է այն ամենի, ինչի համար այսօր կշտամբում են նախկին իշխանությանը և ինչը «ներկում է» նախկիններին ու իրենց համախոհներին սև գույնով։ Բայց այ, եթե սևերի պարագայում, կրկնեմ, «ամեն ինչ պարզ է», ապա նույնը չես ասի սպիտակների մասին։ Ի վերջո, չլինել սև, նշանակում է՝ ինքնաբերաբար ստանալ սպիտակ գույն։ Սպիտակության համար նույնպես «պիգմենտներ» են պետք։

Կրկին վերադառնանք մեկամյա վաղեմության իրադարձություններին և մտաբերենք, թե ինչով էր մայրաքաղաքում իշխանության հավակնորդ, նույն ինքը՝ սև-սպիտակ հայեցակարգի հեղինակ Հայկ Մարությանն առաջարկում երևանցիներին բացարձակ ճերմակություն տեսնել իր մեջ։ Այդ խնդրին ծառայում էր նախընտրական ծրագիրը, որը ներառում էր գրեթե 40 կոնկրետ կետ։ Բոլորը չենք թվարկի, բայց կարևորագույններն այնուամենայնիվ արժե թարմացնել հիշողության մեջ։ Հատկապես նրանք, որոնք, հենց իր՝ Հայկ Մարությանի խոսքերով, «երկար տարիներ մտահոգել են մայրաքաղաքի բնակիչներին»։

*Քաղաքացիների անմիջական մասնակցություն հասարակական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանը։ Մարությանը խոստանում էր հանրաքվեներ անցկացնել և միշտ անսալ քաղաքացիների կարծիքին, նույնիսկ եթե դա չհամընկնի իր տեսակետի հետ։

*Տրանսպորտային ցանցի արդիականացում։ Մարությանը խոստանում էր լիովին արդիականացնել տրանսպորտային ցանցը և ներկրել ավտոբուսների տարբեր տեսակներ, ներդնել միասնական տոմսի և ժամանակավոր ուղետոմսի համակարգ։

*Մետրոպոլիտեն։ Մարությանը խոստանում էր մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել կրեատիվ տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի մոտ, ուսումնասիրել «Գործարանային» կայարանի մերձակա տարածքը, որպեսզի այնտեղ կառուցի բիզնես-կենտրոններ, մշակութային և կրթական կենտրոններ, բնակելի շենքեր։

*Աղբ։ Մարությանը խոստանում էր լուծել աղբի ուտիլացման խնդիրը, ներգրավել երկրորդ օպերատորի, ինչը կապահովեր մրցակցությունը և կբացառեր աղբային ճգնաժամերը։

*Համատիրություններ։ Մարությանը խոստանում էր լուծարել գործող համատիրությունները և ձևավորել ավելի թափանցիկ աշխատող նորերը։

*Վերելակներ։ Մարությանը խոստանում էր նորոգել կամ փոխել 4400 վերելակներից վթարային 4200-ը, քայլ առ քայլ։

*Դպրոցներ։ Մարությանը խոստանում էր բարելավել պայմանները դպրոցներում ու մանկապարտեզներում, զբաղվել աճող սերնդի սննդի որակով։

*Պոլիկլինիկաներ։ Մարությանը խոստանում էր բարելավել տարածքների պայմանները, ձեռք բերել նոր սաքավորում, բարձրացնել անձնակազմերի որակավորումը։

*Կանաչապատում։ Մարությանը խոստանում էր ներդնել սիզամարգերի և զբոսայգիների ոռոգման ժամանակակից կաթիլային ու ցնցղային համակարգեր, տնկել 500 հազար ծառ ու թուփ։

Կրկնեմ, սա բնավ ամբողջական ցուցակը չէ այն կոնկրետ խնդիրների, որոնց լուծումը ծանուցվում էր ուղիղ մեկ տարի առաջ։ Ըստ էության, սա մի մասն է այն ամենի, ինչը կարող էր սպիտակ դարձնել մայրաքաղաքի այսօրվա իշխանությանը՝ մեկ տարի առաջ իր իսկ հնչեցրած բանաձևով։

Իհարկե, առհասարակ գործի ընթացքում ծրագրերը սովորաբար փոխվում են։ Բայց որ այդ աստիճան արմատականորե՞ն։ Աղբային ճգնաժամը մայրաքաղաքում փաստ է։ Աղբի ուտիլացման մասին մտածելն անգամ ծիծաղելի է, երբ նույնիսկ աղբահանության գործընթացն է լիովին ձախողած։ Կանաչապատման ոլորտում անցած տարվա «առանցքային» իրադարձություն դարձավ օպերային թատրոնի հարակից տարածքում երկու սրճարանների ապամոնտաժումը, «հասարակական կարծիքին անսալու» առումով՝ պարգևավճարների պարբերական բաժանումը քաղաքապետարանի աշխատակիցներին, հակառակ նույն այդ հասարակական կարծիքի։ Դժվար թե այս ամենը կարելի է սպիտակ երանգներ համարել մայրաքաղաքի իշխանության դիմանկարում։ Մետրոյի, տրանսպորտի, վերելակների, համատիրությունների մասին պարզապես կլռենք։ Այո, դրված խնդիրները ժամանակ են պահանջում, չի կարելի ամեն ինչ լուծել մեկ տարվա ընթացքում։ Բայց մեկ տարին լիովին բավական է, որպեսզի ցույց տաս այն խնդիրների լուծման գոնե փորձերի նշաններ, որոնց առկայությունը «նախկիններին» վերածեց «սևերի»։ Հարցը հռետորական է. իսկ ի՞նչն է քաղաքի ներկայիս հայրերին դարձրել «սպիտակ»։

Այն, որ Տարոն Մարգարյանը երևանցիների որոշակի մասի աչքում «սև» է երևում, դեռ չի նշանակում, թե Հայկ Մարությանը «սպիտակ» է։ Այն որ Տարոն Մարգարյանի օրոք նույնպես աղբի հետ կապված խնդիրներ կային, նույնպես չի «սպիտակեցնում» Հայկ Մարությանին, որի օրոք քաղաքը բառացիորեն թաղվեց աղբի մեջՎաղուց ժամանակն է դա գիտակցելու, գոնե դրա համար մի ամբողջ տարին լիովին բավական էր։

Основная тема:
Теги: