ԱԳՆ խոսնակ. Սիրիայի հայ համայնքի անվտանգությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումն անընդունելի է
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am լրատվականի հարցին ի պատասխան հերքել է այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ն Հայաստանից պահանջում է հանել Սիրիայից զորախումբը։ ԱԳՆ խոսնակի հետ հարց ու պատասխանը հրապարակել է նախարարության պաշտոնական էջը։
Հարց․ Մամուլում այսօր տեղեկություն է շրջանառվել, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։ Տեղեկություն է հայտնվում նաև, որ համապատասխան քննարկում է տեղի ունեցել ՀՀ գերատեսչությունների միջև այդ թեմայով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունը:
Աննա Նաղդալյան․ Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի:
Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաև այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից: