Փոխարտգործնախարար. Պուտինի չմասնակցելու համար պատճառներ չկան

Եթե մենք նայում ենք ՀԱՊԿ շահերի տեսակետից, ապա կազմակերպությունը դրանից շահեց։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացին և հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացը Հայաստանի վարկանիշի վրա բացասական չի անդրադառնում։

«Այս գործընթացից հետո բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց, որը նման դեպքերում թույլ է տալիս տարբեր ձևի մեկնաբանել։ Եվ մենք հասանք նրան, որ հիմա այդ նախագծերը կան, որ ապագայում նման դեպքերում այդպիսի իրավիճակ չլինի։ Աստված ոչ անի, գլխավոր քարտուղարի հետ կարող է մի բան պատահել։ Պարզվում է՝ փաստաթղթերն այնպես են դրված, որ ով ոնց ուզի, կմեկնաբանի. հիմա դա վերացվում է։ Երկրորդ խնդիրը, որը մենք դրել ենք, ասել ենք՝ այո, չկա հստակություն, կան տարբեր մեկնաբանություններ, բայց քանի որ մեր թեկնածուի պաշտոնավարման ժամկետն է, որին հետ ենք կանչել, այդ ընթացքում որևէ այլ երկիր չի կարող լինել գլխավոր քարտուղար։ Եվ մենք դրան էլ ենք հասել»,-ասաց նա։

Շավարշ Քոչարյանը խոսեց նաև Հայաստանում անցկացվելիք ԵԱՏՄ խորհրդի նիստի մասին։ Նա շեշտեց, որ պատճառ չի տեսնում, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է մասնակցի Հայաստանում անցկացվելիք ԵԱՏՄ խորհրդի նիստին։

«Որոշումը, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում լինելու է ԵԱՏՄ խորհրդի նիստը, կայացրել են անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում նաև Ռուսաստանը։ Սա այն դեպքը չի, որ մենք հրավիրել ենք, ինքը պիտի՝ ասի կգա, թե՝ չէ։ Սա համատեղ որոշում է և այստեղ է նիստը կայանալու։ Գալ-չգալու հարցը, որ մամուլում գրվում է, անհասկանալի է, թե ինչ նպատակով է»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ դրանք բազմաշերտ են։ Նրա խոսքով՝ առանձին դրվագների վրա պետք չէ հիմնվել:

«Իհարկե, հեղափոխությունից հետո հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէ, որ իրենք պիտի ողջունեին և դա հասկանալի է շատ պարզ պատճառով, որովհետև երկրի կառուցվածքն է փոխվել` պառլամենտական։ Իրենք պետք է հաշվի նստեն նրա հետ, որ բարձրագույն խորհրդում վարչապետն է։ Այդ բոլորը ժամանակ է պահանջում», - եզրափակեց Շավարշ Քոչարյանը, տեղեկացնում է Tert.am: