Դատարանը գնաց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը որոշելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման միջոցի հարցը որոշելու։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ այս մասին ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Լսելով բոլոր կողմերին, ստանալով միջնորդությունները` դատարանը գնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին, ժամը 13–ին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, իսկ գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` պաշտպանների դիմումը մերժելու միջնորդություն։ Բաղդասարյանի խոսքով` ՍԴ որոշման ուժով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: