Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը

Անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կօգտագործի Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես գրված է մեր տարածած լուրում։ Բացի այդ, մենք հայտնել ենք, որ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: Ուստի, անհրաժեշտության դեպքում, մենք պատասխան կտանք ու կհրապարակենք տեսանյութը»,–ասաց նա։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` ասելով, որ զինծառայող Ռամին Աբդուլռախմանովը մոլորվել է ու հայտնվելով չեզոք գոտում` սպանվել։ Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ այս պահին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ տեղի է ունենում գաղտնի երկխոսություն։