Անատոլի Սիդորով․ Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս անվտանգության սպառնալիքի աղբյուր է
Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, այդ հակամարտությունն անվտանգության շարունակական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրների համար։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀԱՊԿ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նրա խոսքով` հիմա կարգավորման քաղաքական գործընթացն ակտիվացել է, սակայն դեռ շատ անելիք կա լիարժեք հրադադարի համար։
«Եվ մինչև դա տեղի չունենա, ղարաբաղյան հակամարտությունը կմնա տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրը», – ասաց Սիդորովը։
Գեներալը Հարավային Կովկասում սպառնալիքի երկրորդ աղբյուր է համարում Վրաստանի ղեկավարության գործունեությունը, որը երկիրը բացահայտորեն ներկայացնում է որպես տարածաշրջանում Ռուսաստանին հակազդելու հարթակ։
Վաշինգտոնը և նրա դաշնակիցներն իրենց հերթին ակտիվորեն աջակցում են Թբիլիսիին, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները։ Բացի դրանից, ամերիկյան ռազմական նավերը պարբերաբար մտնում են Սև ծով և զորավարժություններ անցկացնում այնտեղ։
Ինչպես նշեց Սիդորովը, Վրաստանի տարածքում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հովանու ներքո պարբերաբար անցկացվում են զորավարժություններ, որոնց սցենարը և մտահղացումը հանգում է Ռուսաստանի հետ դիմակայությանը։