Թրամփի փաստաբանը Պուտինի պատճառով չի գա Հայաստան

Ռուդոլֆ Ջուլիանին, որ ԱՄՆ նախագահի անձնական փաստաբանն է, հայտարարել է Հայաստան նախատեսված իր այցը չեղարկելու մասին։ Նա Երևան էր ժամանելու հաջորդ շաբաթ։

«The Washington Post»-ը գրում է, որ ուրբաթ առավոտյան Թրամփի փաստաբանը հաստատել է, որ մասնակցելու է Հայաստանում անցկացվելիք միջոցառմանը, սակայն, իմանալով, որ այնտեղ ներկա են լինելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն ու այլ պաշտոնյաներ, երեկոյան տեղեկացրել է, որ չի գնալու։

«Ես չգիտեի, որ Պուտինն էլ է գնալու»,-որոշումը հիմնավորել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնում է Panorama.am: