ԱԳՄ. Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսով փոխադրվող բեռների առավելագույն թույլատրելի զանգվածը կնվազի

Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսով փոխադրվող բեռների առավելագույն թույլատրելի զանգվածը 40 տոննայից կնվազի մինչև 38 տոննա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ կասկած հայտնելով, թե բոլոր բեռնափոխադրողները գիտեն այդ մասին։

Նրա խոսքերով, Վերին Լարսում իրավիճակը պետական մարմինների կառավարման թերությունների և անփութության արդյունքն է, քանի որ նրանք չեն կարողացել ժամանակին ծանուցել փոփոխությունների մասին։

«Այստեղ քաղաքական ենթատեքստ չկա, և պետք չէ լսել խոսակցություններն այն մասին, որ ռուսները փորձում են իրենց նշանակալիությունը ցույց տալ և իբր խոչընդոտներ են ստեղծում Վերին Լարսում։ Միակ բանը, որ պետք է անել՝ ուղղակի պահպանել նորմերը, իսկ իշխանություններին՝ բիզնեսին տեղեկացնել փոփոխությունների մասին»,- ընդգծեց Ղազարյանը։

Նա պարզաբանեց, որ իրանական կողմի պահանջները շատ ավելի խիստ են, և հայ բեռնափոխադրողները Իրանի տարածքով չեն կարող 20 տոննայից ավել բեռ փոխադրել։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է Վերին Լարսի սահմանային կետում պահպանվում են բազմակիլոմետրանոց խցանումները։ Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները «պատրվակ փնտրելու» մեջ մեղադրում են ռուսական կողմին։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ խցանումների պատճառը ծանրաբեռնվածության նորմատիվները չպահպանելն է։ Բացառված չէ, որ շատ վարորդներ այդ պատճառով տուգանվեն։

Основная тема:
Теги: