Սուրեն ՊԱՐՍՅԱՆ. 2020-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ, ԲԱՅՑ ՈՉ 30 ՏՈԿՈՍՈՎ

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակով պայմանավորված որոշվում է գազի գինը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը`անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, ով, պատասխանելով գազի գնի բարձրացման վերաբերյալ հարցին, հույս է հայտնել, որ չի բարձրանա:

«Խնդիրն այն է, որ ռուսական կողմի համար կարևոր է, որ Հայաստանին տեսնի որպես կայուն գործընկեր և երկարաժամկետ վստահություն ունենա այդ գործընկերոջ նկատմամբ: Սակայն, երբ հայկական կողմը ռուսական ընկերությունների նկատմամբ, դիցուք՝ երկաթուղու նկատմամբ, մեկ տարի է՝ քրեական գործ է բացել, և արդյունք չկա, սա արդեն ռուսական կողմին նյարդայնացնում է»,-ասաց նա և նշեց, որ հայկական կողմը չունի այդ քաղաքականությունը, որ լուծումներ գտնի այս իրավիճակում:

Նա նշեց, որ գազի գնի բարձրացումը տնտեսական լուրջ խնդիրներ կառաջացնի, ինչը ազդեցություն կունենա տնտեսական զարգացման, քաղաքացիների կենսամակարդակի վրա, իսկ եթե խնդիր ունեցավ Հայաստանը, խնդիր է ունենալու նաև Ռուսաստանը:

Սուրեն Պարսյանը հիշեցրեց, որ գազի գնի բարձրացում ունեցել ենք 2019 թվականի հունվարի մեկից, որը սակայն բնակչությունը չզգաց, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բարձր մակարդակով, որ այդ սակագինը տարվա ընթացքում չվերանայվի: «Սակայն տարվա վերջում այդ բարձրացման արդյունքում ձևավորված պարտքը կկազմի 30 միլիոն դոլար, և եթե այս տարվա ընթացքում սահմանի վրա ևս բարձրացվի, ապա հաշվարկներում հաշվի կառնեն ոչ միայն այդ բարձրացումը, այլև նաև հունվարի մեկի բարձրացումը, և արդյունքում մենք կունենանք շատ ավելի բարձր սակագին, քան 30 տոկոսի բարձրացումը:

Այս առումով հանրային ծառայությունների հանձնաժողովը, որն արդեն վեց ամիս է, ինչ ընտրվել է նոր իշխանությունների կողմից, գործնականում որևէ քայլ չի կատարել բացահայտելու համար գազամատակարարման համակարգի այն գերծախսերը կամ գերկորուստները, որոնք թույլ կտան փոխհատուցել հնարավոր բարձրացումը»,-ասաց նա և նշեց, որ ստացվում է՝ որևէ տեսանելի քայլ չունենք, որ բանակցությունների սեղանին նստելիս առաջարկենք, որի իրականացնելու դեպքում հնարավոր է գինը չբարձրացնել:

«Ռուսական կողմը այս բարձրացումը պատահական չի մեջտեղ բերել, նպատակը`շոշափել հասարակության, իշխանությունների վերաբերմունքը հնարավոր բարձրացման հարցում, այս առումով հայկական կողմը որևէ ասելիք չունի, առաջարկելու բան չունի»,-ասաց նա:

Ամեն դեպքում տնտեսագետը չի կարծում, թե գազի գինը կարող է 30 տոկոսով բարձրացվել: «30 տոկոս բարձրացման դեպքում գազի սակագինը սահմանի վրա կդառնա 220, 230 դոլար, ինչը մրցակցային չի լինի իրանական գազի նկատմամբ: Կարծում եմ, որ 30 տոկոսից ավելի քիչ բարձրացում տեղի կունենա, և հայկական կողմը ցույց կտա, որ տեսեք՝ հնարավոր էր 30 տոկոս բարձրացնել, սակայն բանակցությունների արդյունքում ավելի քիչ բարձրացավ, և սա կներկայացվի որպես հաղթանակ»,-ասաց նա:

Սուրեն Պարսյանը նշեց, որ մեր գազամատակարարման համակարգը լուրջ խնդիրներ ունի, կարիք ունի ռուսական ներդրումների, ինչը թույլ կտա արդյունավետությունը բարձրացնել, կորուստները քչացնել, և մենք պետք է խոսենք նաև այն մասին, որ ռուսական կողմը ներդրումներ անի:

«Բնական գազի բարձրացումը ուղղակի տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա, մեր ապրանքները կթանկանան, կկորցնեն իրենց մրցակցային առավելությունները ԵԱՏՄ երկրների նկատմամբ, հետևաբար հայկական կողմը պետք է ամեն ինչ անի մրցունակ լինելու համար, հակառակ դեպքում արտադրությունները պարզապես Հայաստանից դուրս կգան»,-ասաց նա:

Tert.am