ՔՍԱՆՅՈԹՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀՈՒՇՈՒՄ ԼԵՎՈՆԻՑ

Անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հնչեց ամբողջ երեք հակահայկական ելույթ։ «Զավթյալ տարածքների» մասին Մամեդյարովի և Էրդողանի սովորական հեծեծանքներին միացավ Պակիստանի արտգործնախարարը։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ ահաբեկչությանն իր ցուցաբերած լայն աջակցությամբ հայտնի հենց այդ պետությունն էր, որ կարող էր հանդես գալ ի պաշտպանություն Ադրբեջանի։ Եվ իհարկե, Պակիստանը չէ, որ պիտի հայ ժողովրդի գլխին բարոյախոսություն կարդա «բռնազավթած տարածքներից զորքերը դուրս բերելու» մասին։ Սակայն խնդիրն այստեղ այլ է. ինչո՞վ պատասխանեց Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Հենց Փաշինյանի, քանզի հայկական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի տեղից տված պատասխանը Մամեդյարովին չի կարող նույն կշիռն ունենալ, ինչ պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։

Մենք չգիտենք, թե ով է վարչապետի սփիչռայթըրը։ Բայց համենայնդեպս Արցախին վերաբերող մասով այդ սփիչներում մշտապես զգացվում է ինչ-որ ծուղակ ու ստորջրյա խութեր։ Ճիշտ դրված մի շարք շեշտերի առկայությունը շատ հաճախ և արդարացիորեն առաջացնում է մտքի անավարտության և հստակ, կասկածի ու քննարկման ոչ ենթակա թեզիսների տեսքով եզրահանգումների պակասի զգացողություն։ Դե, օրինակ՝ այն մասին, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կամ որ կտրականապես բացառվում է որևէ ձևով Ստեփանակերտի ուղղաձիգ ենթակայությունը Բաքվին։ Կարելի է շրջանառել այդպիսի բազմաթիվ ձևակերպումներ, սակայն հայոց վարչապետը նախանձելի համառությամբ կրկնում է մեկը, որն ի չիք է դարձնում իր բոլոր ճիշտ հայտարարությունները. թեզն այն մասին, թե «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Ընդ որում ընդգծենք, Փաշինյանը ոչ մի անգամ չառաջարկեց «բոլոր կողմերին գոհացնող» ոչ մի բանաձև, թեկուզ ընդհանրական, հայեցակարգային տեսքով։ Մի չափազանց պարզ պատճառով. այդպիսի լուծում գոյություն չունի և չի կարող ունենալ։ Այդ մասին բազմիցս խոսել են փորձագետները, դա անզեն աչքով տեսանելի է նույնիսկ հակամարտությունից անտեղյակ մարդուն։ Այդուհանդերձ Հայաստանի վարչապետն ահա արդեն որերորդ անգամ համառորեն կոչ է անում Ադրբեջանի նախագահին ընդունել իր առաջարկած բանաձևը. «պայմաններ ստեղծել խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի համար»։ Դարձյալ չկոնկրետացնելով, թե ինչ պայմանների մասին է խոսքը։

Առ այսօր Ադրբեջանում խուսափում էին ուղիղ պատասխան տալ հայկական կառավարության ղեկավարին։ Այս անգամ պատասխանը հնչեց. Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի վարիչի մակարդակով։ Եվ այդ պատասխանը, բնականաբար, ամենևին էլ ինքնօրինակ չէր և բովանդակում էր բոլոր այն կաղապարները, որ ահա արդեն ավելի քան քառորդ դար շարունակ գործածում է Բաքուն, կոպիտ խեղաթյուրելով և նենգափոխելով ինչպես հակամարտության պատմությունն ու էությունը, այնպես էլ վերջին տարիների իրողությունները։

Բացի այդ, Հաջիևը հիշեցրեց Փաշինյանին, թե Ադրբեջանի պատկերացմամբ ինչպիսին կարող է լինե «բոլորին գոհացնող լուծումը», բայց ընդ որում չնշեց Արցախը որպես կողմ։ Կրկին հիշատակվեցին «ադրբեջանական համայնքը», «զորքերի դուրսբերումը զավթյալ տարածքներից», բացառապես և միայն ադրբեջանցի փախստականների վերադարձը և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումը։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ելույթը Բաքվին առիթ տվեց հերթական անգամ ցուցադրել ադրբեջանական քարոզչության ողջ ստահոդ զինանոցը, որի դրույթներից յուրաքանչյուրի դիմաց հայկական կողմն ունի առնվազն տասնյակ առավել քան համոզիչ հակափաստարկներ։ Այդ թվում նաև՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, որն այնքան սիրում են վկայակոչել ադրբեջանցի պաշտոնյաները։

Նախ, ինչո՞ւ էր պետք ավելի լավ կիրառման արժանի համառությամբ նորից ու նորից կոչ անել Ալիևին արձագանքել, որպեսզի արդյունքում ստանաս ընդամենը տաղտկալի դասախոսություն՝ նրա աշխատակազմի բաժնի վարիչի մակարդակով։ Ինչո՞ւ էր պետք խաղալ երկրի և սեփական արժանապատվություն հետ, որպեսզի մի ինչ-որ Հաջիև պատասխանի պետության ղեկավարին։

Երկրորդ, ե՞րբ են հայկական իշխանությունները վերջապես սկսելու լսել փորձագիտական հանրության կարծիքը Արցախի հարցում, որպեսզի չհայտնվեն անհեթեթ և երկրի համար նվաստացուցիչ իրավիճակներում։ Եթե վարչապետին գոհացնում է միջին աստիճանավորի մակարդակով պատասխանը, դա իր անձնական գործն է։ Բայց խոսքը ոչ թե Փաշինյան քաղաքացու, այլ երկիրը ներկայացնող առաջնորդի մասին է, որն ըստ էության պարզապես հարվածի տակ է դնում պետությանը, խաղալով վտանգավոր և իրավիճակին ոչ համարժեք «խաղաղարար» խաղեր։

Այստեղ կա, սակայն, «մեդալի» ևս մեկ կողմ։ Մի՞թե պատահական է Նիկոլ Փաշինյանը համառորեն պնդում «բոլոր կողմերի համար ընդունելի լուծման» մասին։ Այս հարցը առաջանում է գնալով ավելի հաճախ. ուղիղ համամասնությամբ պետկառույցներում ու անմիջականորեն ՀՀ վարչապետի կողքին Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի մարդկանց քանակի աճին։ Հհշականացման գործընթացն առանձնակի ինտենսիվ է ընթանում ՀՀ ԱԳՆ-ում, որտեղ, համաձայն հավաստի աղբյուրների, ամեն ինչ ձգտում է ղեկավարել առաջին նախագահի ամենամտերիմ զինակից Վլադիմիր Կարապետյանը։ Ավելին, համառ լուրեր են շրջում այն մասին, որ ԱԳՆ-ում ղեկավար պաշտոններից մեկում պատրաստվում են վերանշանակել Տեր-Պետրոսյանի մեկ այլ հայտնի զինակցի՝ Ռուբեն Շուգարյանին, որին վերջերս վերադարձրեցին դիվանագիտական բարձր աստիճանը։

Այժմ հիշենք, որ ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես քսանյոթուկես տարի առաջ միանգամայն բացահայտ, ցուցադրաբար ու առանց որևէ վերապահումների առաջարկում էր հակամարտության լուծման «բոլորին գոհացնող բանաձև»։ Ահա իր իսկ խոսքերը, որ ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում 1992 թվականի մարտի 5-ին՝ Ղարաբաղյան առաջին ազատամարտի ամենաթեժ պահին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է մոտենալ իրական բանակցությունների, Հայաստանի առաջին նախագահը հայտարարեց. «Պետք են զսպող ուժեր, պետք է ստեղծել անվտանգության երաշխիքների համակարգ։ Երկրորդ՝ մարզի ապառազմականացում։ Երրորդ՝ սկսել բանակցություններ, որտեղ հայկական կողմը կարող է առաջարկել հետևյալ տարբերակը. Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղի ճանապարհների լիակատար ապաարգելափակում և Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսագործունեության ապահովում։ Ահա այս լուծումը այսօրվա դրությամբ, կարծում եմ, ընդունելի կլինի և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի համար։

Եթե ի հայտ գա այդպիսի ինքնավարություն, որտեղ ներքին խնդիրները կլուծվեն տեղի իշխանությունների կողմից, այդ թվում՝ կադրային հարցերը, ապա կողմերը կարող են գալ համաձայնության։ Կցանկանայինք մտածել, որ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակը լիովին կգոհացներ բոլոր կողմերին. չէ՞ որ Ղարաբաղն ընդ որում մնում է Ադրբեջանի կազմում, հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիներն իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն։ Ահա մեր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք քննարկել դա ցանկացած մակարդակով»։

Ավելորդ է ասել, որ Տեր-Պետրոսյանին լիովին գոհացնող լուծումը բացարձակապես չգոհացրեց հայ ժողովրդին, ինչի ապացույցը դարձավ հաղթանակը պատերազմում և Արցախի անկախ հանրապետության ստեղծումը։ Ինչպեսև իր իշխանազրկումը 1998 թվականի փետրվարին, ինչը հայ իրականությունից և քաղաքականությունից իսպառ բացառեց նման մոտեցման նույնիսկ ակնարկը։

Իսկ երկու օր առաջ, պատասխանելով Փաշինյանին, ահա թե ինչ ասաց Հաջիևը. «Պետք է նախորոշվի ինքնակառավարման մոդել, որը կնախատեսի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայկական և ադրբեջանական համայնքների համակեցությունը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Հակամարտության կարգավորման այլ մոդել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունց դուրս, գոյություն չունի»։

Ասված ամենից հետո մնում է սպասել մեկ բանի. կհամարձակվի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը նորից կրկնել իր անհեթեթ թեզը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծման անհրաժեշտության մասին։