«Այլընտրանքը» պահանջում է արդար քննություն

«Այլընտրանք» ՀԿ-ի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց, տեղեկացնում է News.am։

Նրանք պահանջում են Քննչական կոմիտեից արդար քննություն իրականացնել Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի մասով։ Նրանք եկել են «Պահանջում ենք արդար քննություն», «Սպային հարվածողը հարվածում է ազգին» գրությամբ պաստառներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Ըստ ԶԼՄ-ների՝ ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, նա տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը մասնակցություն չի ունեցել դեպքին։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։