ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Իրավիճակը Հայաստանում գնալով ավելի է հիշեցնում 1997-1998 թվականները, երբ նախագահական ընտրություններում պարտված, բայց ուժի կիրառմամբ իշխանության ղեկին մնացած Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռնամուխ եղավ Արցախի հարցով իր ծրագրի իրականացմանը։ Թե ինչում էր ամփոփված այդ ծրագիրը, լավ հայտնի է։ Նույնքան հայտնի է, թե նրա համար ինչով դա ավարտվեց 98-ի փետրվարին։ Հիշենք միայն, որ հեռանալով՝ նա քինոտ ու չարագուշակ կանխատեսում արեց, թե Հայաստանը ստիպված է լինելու տարիներ անց համաձայնել այդ ծրագրին, բայց արդեն վատթարագույն պայմաններով։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ՝ հայկական կողմի գործնական անտարբերության և հանցավոր թողտվության խորապատկերին, առաջին հայացքից հաստատում է առաջին նախագահի կանխատեսումը: Իրականում այս մեդալն ունի շատ ավելի գործուն երկրորդ և երրորդ կողմեր։ Դա, նախ՝ Արցախի հարցում հենց նման մտադրությունների համար Տեր-Պետրոսյանի իշխանազրկումն է (թեև, անշուշտ, 96-ի խայտառակ ընտրությունները շատ կարևոր դեր խաղացին)՝ որպես նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր կցանկանան գնալ նույն ճանապարհով։ Եվ երկրորդ՝ սա գործընթաց է, որը Երրորդ հանրապետության պատմության մեջ միակ անգամ տեղի է ունեցել հենց այն ժամանակ՝ 90-ականների կեսին. ընդդիմադիր ուժերի աննախադեպ միավորում, ինչը թույլ տվեց միասնական թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններում։

Ի՞նչ ունենք այսօր։ Օրըստօրե աճող տագնապ Արցախի համար, սրվող ներքին իրավիճակ՝ կորոնավիրուսի հետ կապված աղետալի դրության խորապատկերին, և ժողովրդի կործանարար ու արհեստականորեն թեժացվող խորացող պառակտում։ Սրանք, թերևս, այն երեք հարցերն են, որոնց շուրջ ընդդիմադիր ուժերը տարաձայնություններ չունեն։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի հետ կապված իրավիճակը կարծես թե կատալիզատոր դարձավ գործընթացների համար, միաժամանակ դրդելով արտախորհրդարանական ընդդիմությանը սկսել համախմբումը. համենայն դեպս, եթե հավատանք ԶԼՄ-ներին, ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Գրեթե բոլոր կուսակցություններն ու միավորումները այդ կապակցությամբ հանդես եկան հայտարարություններով, իսկ հունիսի 16-ին ի հայտ եկավ նաև երեք կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, «Հայրենիքի» և «Մեկ Հայաստանի» համատեղ հայտարարությունը։

Այդուհանդերձ գործընթացները փոքր-ինչ ուշանում են այն ուժգնացված աշխատանքի համեմատ, որ իրականացնում է իշխանությունն իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ (այդ ջանքերի արդյունավետությունն առանձնահատուկ խոսակցություն է)։ Կարելի է ենթադրել, որ հապաղումը կապված է քաղաքական խանդի հավերժական խնդրի հետ և բացատրվում է անձնական հավակնությունները միառժամանակ մի կողմ դնելու դժկամությամբ, մասնավորապես՝ վարչապետի կոնկրետ թեկնածուի հարցը, անկյունաքար դարձնելով պետության և ժողովրդի խնդիրները։ Միայն նման միավորումը հասարակությանը թույլ կտա հավատալ, որ ընդդիմադիր ուժերն իսկապես առաջնորդվում են առաջին հերթին երկրի շահերով, իսկ հետո արդեն՝ իշխանության գալու ձգտումով։

Այս իմաստով ամենասթափ մոտեցումը կլինի հակաճգնաժամային կոմիտեի կամ աշխատակազմի ձևավորումը. անվանեք՝ ինչպես կամենաք, որը ժամանակավոր բնույթ կկրի և իր առջև նպատակ կդնի դուրս բերել երկիրը խոր ճգնաժամից։ Այն է՝ կլուծի այն երեք ամենասուր խնդիրները, որոնց շուրջ, կրկնում եմ, ընդդիմությունը տարաձայնություններ չունի. Հայաստանի դիրքորոշումը Արցախի հարցում, կորոնավիրուսը և պառակտման հաղթահարումն ու հասարակական առողջ ուժերի համախմբումը։ Իսկ այդ ճանապարհին առաջին քայլը պետք է դառնա միավորված ընդդիմության՝ ոչ միայն քաղաքական, այլև հասարակական ուժերի հստակ, կոշտ, միանշանակ և բարձրագոչ հայտարարությունն ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։

Սա այն քայլն է, որն ուղղված կլինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին։ Քայլ, որն անհրաժեշտաբար թելադրված է Արցախի, հետևաբար նաև Հայաստանի գլխավերևում կախված վտանգով, հայ ժողովրդին նետված իրական մարտահրավերով, որը (մարտահրավերը) համառորեն պահանջում է ազգի համարժեք և համերաշխ պատասխան, այդ թվում նաև Սփյուռքում։ Ուղերձ, որը ցույց կտա և՛ համանախագահներին, և՛ ուժային կենտրոններին, և՛ ողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը թույլ չի տա հերթական անգամ խաղալ Արցախի և Հայաստանի ճակատագրի հետ՝ հանուն աշխարհաքաղաքական կասկածելի շահերի և ի նպաստ Թուրքիայի ցեղասպան ախորժակի։

Նման հայտարարությունը կարող է կարևոր դեր խաղալ ինչպես արտաքին քաղաքականության և կարգավորման, այնպես էլ ներքաղաքական գործընթացների տեսանկյունից։ Այն կարող է փոքր-ինչ սթափեցնել նաև իշխանություններին՝ ստիպելով նրանց ինչ-որ գործողություններ ձեռնարկել արտաքին ասպարեզում, ընդդիմությունից «հետ չմնալու» համար։ Կարևոր չէ, որ դա, ինչպես միշտ, կարող է կրել պոպուլիստական բնույթ. կարևորն այն է, որ առանցքային հարցի վերաբերյալ հայկական պետությունների դիրքորոշումն արձանագրվի արտաքին քաղաքական դաշտում։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ հստակ արտահայտվել են այն մասին, որ «հեղափոխության» իրական նպատակը հենց Արցախի հարցը հայ ժողովրդի շահերին չհամապատասխանող ձևաններով լուծելն է։ Այն սցենարով, որի կողմնակիցն էր առաջին նախագահը, որն այսօր մեծագույն հույսեր է փայփայում, թե իրեն կհաջողվի վերջապես, կյանքի օրոք տեսնել իր մռայլ կանխատեսումների իրականացումը։ Եվ մոռանում է սցենարի երկրորդ մասը, որի համար պատասխանատվությունը հանձն է առել միավորված քաղաքական ընդդիմության կողմից առաջնորդվող ժողովուրդը։ Այն մասը, որը միշտ դատապարտված կլինի իրականացման: