ԻՆՉՊԵՍ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» ԱԼԻԵՎԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱԿՈ՞ՒՄ Է «ՊԱՏՈՒՀԱՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ»
Այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն փչացնում են հարաբերությունները առանցքային գործընկերների և հարևան երկրների հետ, խոսվել է բազմիցս։ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում առաջացած սառնությունը, միանգամայն հնարավոր է՝ նպատակաուղղված և կանխամտածված, արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, և դիվանագիտական որևէ հնարքներն ու ձևական հավաստիացումները չեն կարող քողարկել այդ փաստը։ Զորահանդեսին ներկա լինելու համար Մոսկվա մեկնելուց վարչապետի հրաժարումը, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց, ամեն դեպքում դարձավ դրա ևս մեկ հաստատումը։ Իսկ վերջին օրերին Փաշինյանի թիմը հաջողացրեց ակնհայտ բացասական թեքվածքի հասնել նաև Եվրոպայի ու եվրոպական կառույցների հետ հարաբերություններում։
Նախ անդրադառնանք հարեվաններին։ Մեծագույն ջանքերի գնով Երևանին հաջողվեց այնուամենայնիվ հարթել Վրաստանի հետ աղմկալի սկանդալը, որը բռնկվեց առողջապահության նախարար Թորոսյանի անհամարժեք հայտարարությունների պատճառով։ Այդուհանդերձ, մեզ համար ծայրաստիճան տհաճ այդ միջադեպը ցույց տվեց հայ առանձին պաշտոնյաների տգիտությունը, անպատասխանատվությունը, անհագ հավակնություններն ու վայելուչ պահվածք դրսևորելու տարրական անկարողությունը։ Հաշվի առնելով քննադատությունը սթափ գնահատելու և սեփական վարքը շտկելու նրանց անընդունակությունը, ինչպեսև անսահման ինքնասիրահարվածությունն ու վստահությունն իրենց անսխալականության մեջ, կարելի է արձանագրել, որ երկիրը, ավա՜ղ, ոչ մի կերպ ապահովագրված չէ նման սկանդալների կրկնությունից։
Մինչդեռ հայ-իրանական հարաբերություններում նույնպես նկատելի ճեղք է գոյացել՝ կապված Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի մտադրության հետ։ Հունիսի 9-ին Թեհրանում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ուսանողներն իրականացրեցին բողոքի ակցիա, որի նպատակը շարադրված էր բավականին հստակ. զգուշացնել նման քայլի հետևանքների մասին: Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունը այս կամ այն որոշման ընդունման հարցում պետք է առաջնորդվի սեփական շահերով, սակայն հաշվի առնելով աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկությունները՝ նման քայլը պետք էր շատ լուրջ կշռադատել և, բնավ ոչ վերջին հերթին՝ նկատի առնելով Իրանի արձագանքը։ Ամենևին պատահական չէ, որ պաշտոնական Թեհրանը չսահմանափակվեց ուսանողների ակցիայով, այլ հարվածեց մեր ցավոտ կետին՝ Արցախի հարցին։ Այն է՝ Բաքվում Իրանի դեսպանը հանդիպում ունեցավ «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ։ Նախկինում երբեք դա տեղի չէր ունեցել, իսկ հիմա արվեց, ցուցադրաբար ու հանդգնորեն։
Սկսած հունիսի 17-ից մինչև հունիսի 22-ը, փաստացի 4 աշխատանքային օրվա ընթացքում, Եվրոպայից Հայաստանի հասցեին հնչեց միանգամից հինգ ահազանգ, որոնք կոչված էին զգուշացնելու իշխանություններին և անձամբ Փաշինյանին, որ վերջիններիս գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավական նորմերին։ Հաշվի առնելով եվրոպական կառույցների հանրահայտ զգուշավորությունը, պահպանողականությունն ու դանդաղկոտությունը, նման արձագանքը բավական խոսուն է և ցուցանշական։ Ընդ որում խոսքը եվրոպական պատկառելի ինստիտուտների և գործիչների մասին է. այդ ժամանակահատվածում երկու անգամ արտահայտվել Է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը (Ռ.Քոչարյանի գործի և սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ), հայտարարություններով հանդես են եկել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և առանձին՝ դրա նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
Նշենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչեց բառացիորեն տաք հետքերով. անմիջապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանում քննարկման է դրվել առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելու։ Նման օպերատիվությունը բավական հազվադեպ երևույթ է ԵԽ պրակտիկայում։ Ինչ վերաբերում է ԵԺԿ-ին, ապա որքան էլ ներկայիս իշխանությունները փորձեն բացատրել կուսակցության և դրա ղեկավարի դիրքորոշումը Հայաստանի նախկին իշխանությունների հետ ունեցած կապերով, չարժե մոռանալ երկու գործոնների մասին։
Նախ, Դոնալդ Տուսկը Եվրամիության խորհրդի նախկին ղեկավարն է, հետևաբար՝ Եվրոպայում նա բավական ազդեցիկ քաղաքական գործիչ է, որի համար դժվար թե առաջնահերթ նշանակություն ունեն անձնական նախապատվությունները։ Եվ երկրորդ, ամուր գործընկերային հարաբերություններ ունենալը եվրոպական խոշորագույն ու ազդեցիկ կուսակցություններից մեկի հետ, որը լայնորեն ներկայացված է և՛ Եվրախորհրդարանում, և՛ ԵԽԽՎ-ում, բավական շահավետ ու պատվաբեր է ցանկացած պետության շահերի տեսանկյունից։ Չենք խոսում արդեն այն մասին, որ ներկայիս իշխանություններին երկու տարվա ընթացքում չհաջողվեց այդպիսի գործընկերային հարաբերությունների գոնե նմանություն ստեղծել եվրոպական որևէ քաղաքական խմբի կամ կուսակցության հետ։ Եվ դեռ մեծ հարց է, թե արդյոք ջանքեր գործադրվել են այդ ուղղությամբ։
Այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, անտեսեցին թե՛ Վենետիկի հանձնաժողովի համառ հանձնարարականները, թե՛ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կոչը, ընդ որում իրենց թույլ տալով թունոտ մեկնաբանություններ անել ԵԺԿ-ի և Տուսկի հասցեին, վկայում է ոչ միայն միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում պատշաճ պահվածք ցուցաբերելու նրանց անկարողության մասին։ Եվ ոչ միայն պետականության զգացումի և երկրի շահերի համար պատասխանատվության իսպառ բացակայության։ Ինչպես նաև՝ սեփական այսրոպեական շահերով առաջնորդվելու անսանձ ձգտման, որոնք հանգում են, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, մեկ բանի. պահել իշխանությունն ամեն գնով և ապահովել ցանկացած ոտնձգությունից՝ բռնապետություն հաստատելու միջոցով։
Դա խոսում է նաև այն մասին, որ պետության կառավարման հարցում իշխանություններն առաջնորդվում են «մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» հայտնի բանաձևով։ Չէ՞ որ պարզ է, որ եվրոպական հեղինակավոր կառույցների նկատմամբ նման քամահրալից վերաբերմունքը ամենայն հավանականությամբ թանկ կնստի Հայաստանի վրա։ Հենց Հայաստանի՝ որպես պետության, այլ բնավ ոչ «Իմ քայլը» խմբակցության, կառավարության ու անձամբ Փաշինյանի։ Որովհետև վաղը դա դրսևորվելու է ոչ միայն ՀՀ-ին, այլև Արցախին վերաբերող տարբեր գործողություններում, հայտարարություններում, զեկույցներում և այլ փաստաթղթերում։ Վաղը նման վերաբերմունքը բումերանգի պես հարվածելու է հայկական շահերին ինչպես Եվրոպայում, այնպես էլ ողջ աշխարհում։ Բայց դա հազիվ թե սաստիկ հուզում է Փաշինյանին ու իր թիմին, որով նա այդքա՜ն հպարտանում է։
Այս ամենի մեջ կա եվս մեկ կարեվոր հանգամանք։ Արդեն բազմիցս նշվել է, այդ թվում նաև՝ մեր կողմից, որ Նիկոլ Փաշինյանը նպատաուղղված տանում է Հայաստանը դեպի «ադրբեջանականացում», դեպի այն, որ միջազգային հանրության ընկալման մեջ Հայաստանը նույնանա արևելյան բռնապետությունների և դիկտատուրաների հետ, նախևառաջ՝ Բաքվի սուլթանության, այլ ոչ թե եվրոպական ժողովրդավարությունների՝ վերջիններիս ողջ ակնհայտ հետադիմությամբ հանդերձ։ Հենց Իլհամ Ալիևն է աչքի ընկել եվրոպական կառույցների դիրքորոշումների բացահայտ անտեսմամբ ՝ տարիներ շարունակ քամահրելով սեփական միջազգային պարտավորությունները, տարբեր կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի քննադատությունն ու հանձնարարականները։ Իսկ Հայաստանը, նախկին իշխանությունների բոլոր սխալմունքներով ու թերություններով հանդերձ, միշտ փորձել է առնվազն պաշտոնապես պահպանել հավատարմությունն իր պարտավորություններին և ընդգծված հարգանքը ազդեցիկ ինստիտուտների հետ փոխհարաբերություններում։
Այսօր իշխող ուժը ցուցաբերում է բոլորովին այլ դիրքորոշում՝ բացահայտորեն անտեսելով միջազգային հանրության կարծիքը, ընդ որում դրա առաջնորդը՝ կառավարության ղեկավարը, հայտարարում է, որ հպարտանում է իր թիմով։ Չցանկանալով հաշվի նստել այն փաստի հետ, թե ինչ բացասական ազդեցություն դա անխուսափելիորեն կունենա պետության հեղինակության և արտաքին ասպարեզում նրա համբավի վրա։ Եթե դա հատուկ չի արվում, ապա մնում է ենթադրել անձնական, խմբային և նեղ կուսակցական շահերի նախապատվություն՝ ի վնաս պետական շահերի։ Թե որն է ավելի վատ՝ թող յուրաքանչյուրը որոշի իր «փչացածության» չափով։