Հայ ռեստորատորներին վրդովվեցրել է ռեստորաններ չայցելելու Թորոսյանի կատեգորիկ կոչը

Ռեստորանների Հայկական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչի կապակցությամբ, ով մասնավորապես նշել է, որ անհրաժեշտ է «գիտակցված լոքդաուն»` կոչ անելով դադարեցնել ռեստորան-սրճարանային այցելությունները։

Միությունից կարծում են, որ կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է ոլորտի ներկայացուցիչներին։

«Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն գործիքակազմ, որը մինչ այսօր խստորեն կիրառվել է», – նշվում է հայտարարության մեջ։

Միությունից ընդգծում են, որ վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով։

«Կոչ ենք անում ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին շտապ օպերատիվ քննարկում սկսել մեր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու շուրջ», – նշվում է միության հայտարարության մեջ։

Այսօր Թորոսյանը կոչ է արել հայաստանցիներին առավելագույնս սահմանափակել շփումներն ու այցելությունները, որոնք չունեն կենսական նշանակություն, այդ թվում` չայցելել ռեստորաններ ու սրճարաններ, տոնական և սգո միջոցառումներ, դուրս չգալ քաղաքից դուրս, չկազմակերպել պիկնիկներ և այլն։ Նրա խոսքով, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։