ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈԲԵԼՅԱն

«Կոմունիստ» թերթը մայիսին կդառնար 100 տարեկան

Թերթի ստեղծման 50-ամյակի առիթով ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1970թ. մայիսի 15-ի հրամանագրում ասված է. «Ադրբեջանական ՍՍՀ աշխատավորների կոմունիստական դաստիարակության գործում, տնտեսական ու կուլտուրական շինարարության խնդիրների կատարմանը նրանց մոբիլիզացնելու ուղղությամբ կատարած բեղմնավոր աշխատանքի համար «Կոմունիստ» (հայերեն) թերթը պարգևատրվում է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԻ շքանշանով»:

1920-ից մինչև 1990 թ. հունվար, այսինքն մինչև Բաքվի հայության ջարդերը, մայրաքաղաքում հայերեն լեզվով լույս տեսած «Կոմունիստ» հանրապետական օրաթերթը տպագրվում էր 30-40, նույնիսկ 50 հազար տպաքանակով, որի առյուծի բաժինը առաքվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, ինչպես նաև հայաշատ շրջաններ:Այն անդրկովկասյան երեք հանրապետություններում լույս տեսնող լավագույն թերթերից մեկն էր, որտեղ, ի դեպ, 1920-ականների վերջերին Գրականության և արվեստի բաժինը ղեկավարել է Եղիշե Չարենցը: Թերթի էջերում իրենց ծանրակշիռ խոսքն են ասել անվանի շատ մարդիկ. մշակույթի աշխարհահռչակ գործիչներ, գիտնականներ, կոմպոզիտորներ, Սոցիալիստական աշխատանքի և Խորհրդային Միության հերոսներ, այդ քվում նաև՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսներ, շուշեցի Նելսոն Ստեփանյանը, ով խմբագրության կոլեկտիվի վրա Սասունցի Դավթի տպավորություն էր թողել, փառապանծ զորավար, մարշալ Հովհաննես Բաղրամյանը… Բոլորին չես թվարկի: Իհարկե, թերթի էջերը ամեն օր զարդարում էին աշխատավոր շարքային մարդիկ: Արժե նշել, որ «Կոմունիստում» իրենց առաջին քայլերն են կատարել մեծատաղանդ բանաստեղծ Թաթուլ Հուրյանը, որ երգը շուրթին հերոսաբար զոհվեց Մեկենզևյան լեռներում, թերթի աշխատակից, անվանի արձակագիր Սուրեն Այվազյանը, հայ գրականության ապագա դասական Համո Սահյանը, որի առաջին և բարի հայացքով քննադատը հենց իր մտերիմ ընկերն էր՝ գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Անտոնյանը, ով երկար տարիներ Բաքվի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Հայ գրականության ամբիոնի վարիչն էր, մեծավաստակ ուսուցչապետ:

 ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈԲԵԼՅԱն 170 տարի լույս տեսած թերթի լավագույն խմբագիրները թող ներեն ինձ, եթե իրենց շարքից առանձնացնեմ գոնե երկու հոգու՝ Գեղամ Բարսեղի Անտելեպյանին և Հրանտ Մարգարի Բաբայանին: Ավագ սերնդի գրչակից ընկերների պատմած մի աննախադեպ դրվագ վերհիշեցի, որ նույնպես վկայում է Ադրբեջանում տիրող հակահայ մթնոլորտի և խմբագիր Անտելեպյանի շատ մեծ համարձակության մասին: Կոմկուսի Կենտկոմի գաղտնի հրահանգով, Բաքվի կոմունայի հերթական տարեդարձի առիթով, կարգադրվել էր հանրապետական երեք թերթերի խմբագիրներին՝ առաջին պլանում դնել Ազիզբեկովի, հետո՝ Ստեփան Շահումյանի լուսանկարները, իսկ մյուսներինը՝ նախկին հերթականությամբ: Ուշ երեկոյան տպարան էր եկել Կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը, որ նայելով ռուսական և ադրբեջանական թերթերը ու համոզվելով, որ հրահանգը կատարված է, մոտեցավ ստուգելու նաև հայերեն «Կոմունիստ»-ը և զարմացավ տեսածից. ինչպես որ մինչ այդ էր եղել՝ Բաքվի կոմունայի ղեկավար, Կովկասի Լենին համարվող Ստեփան Շահումյանի նկարը դրված էր առաջին պլանում, Ազիզբեկովը երկրորդն էր: Հանրապետության կուսակցական գաղափարախոսության պատասխանատուն, զայրույթը քողարկելով, դիմեց հանդուգն խմբագրին, «Գեղամ Բարսեղովիչ, Դուք համաձա՞յն չեք Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի որոշման հետ>>: «Հարցը իմ կողմ կամ դեմ լինելը չի,- ասաց խմբագիրը:- Հետաքրքիր է, իսկ ինքը՝ Ազիզբեկովը, համաձա՞յն կլիներ կանգնելու Ստեփան Շահումյանից առաջ»: Որքան էլ հակահարցը սուր և անդուր էր, այդուհանդերձ նկարների տեղափոխություն կատարվեց:

Այդ դեպքից երեք տասնամյակ հետո տեղի ունեցավ դարձյալ ոչ պատահական մի բան, որը նույնպես պատռում է Ադրբեջանի հայատյաց ղեկավարության դիմակը: 1987-ին նշվում էր Բաքվի 26 կոմիսարների գնդակահարման տարեդարձը: Թերթի նոր խմբագրի պատվերով այդ մասին ծավալուն հոդված գրեց ակադեմիկոս Փյուստա Ազիզբեկովան՝ Կոմունայի ներկայացուցիչներից Մեշադի Ազիզբեկովի թոռը: Եվ, պատկերացնու՞մ եք, հեղինակի կողմից նշված բազմաթիվ անունների շարքում բացակայում էր… Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի անունը: Ժուռնալիստիկայից շատ հեռու նոր խմբագիրը առաջարկեց, որ իմ ձեռքով ավելացնեմ Շահումյանի ազգանունը: Կտրականապես հրաժարվեցի՝ առաջարկելով, որ ինքը լրացնի իր ձեռամբ: Չհամարձակվեց: Հոդվածը չտպագրվեց: Ինչպես մեր հանճարեղ երգիծաբանը կասեր՝ սա նման է մի բանի, որուն նմանը չկա: Ակադեմիկոս կոչված Ազիզբեկովայի քայլը ցինիզմի հասնող լկտիություն է: Կարո՞ղ եք պատկերացնել, որ, ասենք, ռուս գիտնականը լուսաբաներ Հոկտեմբերյան հեղափոխության / հեղաշրջման / պատմությունը և չնշեր Լենինի անունը: Ինչևէ: Այդպիսին էր իրականությունը Բաքվում: Այն գնալով վատթարացավ հատկապես 1960- ականներից սկսած, երբ ազգային կադրեր աճեցնելու գաղափարախոսության քողի տակ, բոլոր բնագավառներում իշխող դիրքեր գրավեցին ադրբեջանցիները: Նույնիսկ Արմենիքենդի քրիստոնեական (կարդա՝ հայկական) մեռյալ քաղաք հիշեցնող հին ու մեծ գերեզմանատան պետն էլ ադրբեջանցի էր: Այսինքն՝ հայ մեռելների նինջն էլ իրենք պիտի հսկեին: Հանրապետությունում և մանավանդ Բաքվում, որտեղ ապրում էր այն կառուցելու ու զարգացնելու գործում վիթխարի ավանդ ունեցած հայության մեծամասնությունը, հատկապես նրա սերուցքը, հակահայկական պանթուրքիստական քարոզարշավը, որ միշտ էլ տարվել է իշխանությունների ամենաբարձր մակարդակով, արդեն վարվում էր բացահայտ կերպով: Դա ապացուցում է նաև աղաղակող այս փաստը. 1980 թվականին, Բաքվի Արսեն Ամիրյանի անունը կրող փողոցի վրա, կառուցվել է 9 հարկանի մի շենք՝ բոլոր թերթերի խմբագրությունների և տպարանի համար: Գլխավոր մուտքի վերևում ստեղծվել էր մի խճանկար, որի վրա քանդակված էին բազմաթիվ թերթերի անունները: Բացակայում էր միայն Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երեք պաշտոնաթերթերից մեկի՝ հայերեն լեզվով լույս տեսնող «Կոմունիստ»-ի անունը: Իսկ դրանից առաջ վերացրել էին Արսեն Ամիրյան անունը և կոչել Մամուլի փողոց: Հայկականության հետքերը վերացվում էին…

«Կոմունիստ» հանրապետական օրաթերթի բազմափորձ խմբագիրների շարքից կամենում եմ հատուկ շեշտել Հրանտ Մարգարի Բաբայանի անունը: Եվ դա ոչ միայն այն բանի համար, որ նա թերթի գլխավոր խմբագիր է եղել ավելի քան քառորդ դար, ինչը Գինեսի գրքին արժանի ռեկորդ է: Առավել գնահատելին այն է, որ Հրանտ Բաբայանը՝ հայրենասեր արցախցին, ծննդով՝ նշանավոր Ճարտարից, դիվանագետի ճկուն խելքով գործիչը, ավելի քան 25 տարի ղեկավարելով թերթը, նրա հին նավը և փորձառուների ու երիտասարդների համաձուլվածք կոլեկտիվը հմուտ բոցմանի պես անփորձանք տարել է փոթորկված ծովի ջրերի միջով՝ հայատյաց, թունավոր մթնոլորտում: Նա նման էր հզոր շանթարգելի, որ իր վրա է վերցրել տեղացող վտանգաշատ հարվածները՝ հանուն հայաշունչ թերթի սրբազան առաքելության: Արտաքինից հավասարակշիռ խմբագրի մեծ ու բարի սրտում փոթորիկ էր, և դրա հետևանքը 55 տարեկանում նրան պատուհասած ծանր ինֆարկտը եղավ: Երկար բուժվեց ու կրկին ստանձնեց թերթի ղեկը: Դա էր արժանահիշատակ խմբագրի կոչումն ու տարերքը:Նրա ղեկավարման տարիներին թերթի գրեթե բոլոր համարներում, ինչպես ասում են՝ տանող, նշանակությամբ առավել կարևոր նյութերը ԼՂ ինքնավար մարզից էին: Հատկապես Հրանտ Բաբայանի օրոք հանրապետական «Կոմունիստ» թերթում հետևողականությամբ տեղեկատվություն էր զետեղվում Հայաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական, մարզական և այլ բնագավառներում տեդի ունեցող կարևոր իրադարձությունների մասին: Խմբագիրն անձնական մարդկային ջերմ հարաբերություններ ուներ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» և «ГОЛОС АРМЕНИИ» առաջատար թերթերի գլխավոր խմբագիրների հետ:

Նրանից հետո մի երեք տարի խմբագիր աշխատած անձը, որ Ադրբեջանի կուսկենտկոմի պրոպագանդայի բաժնի շարքային աշխատակից էր, նույնիսկ ծանոթ չէր հայոց այբուբենի տառերին, բայց ադրբեջանուհի մայր ունենալու առավելություն ուներ: Եվ վերջինիս օրոք հայկական ինքնավար մարզից տրվող լրատվության առաջնահերթությունը մղվեց երրորդական- չորրորդական պլան: Դա արմատական և ոչ պատահական քայլ էր՝ Ղարաբաղյան հզոր շարժումն սկսվելուց դեռ երկու տարի առաջ: Բանը հասավ նրան, որ Կենտկոմի պրոպագանդայի բաժնից էմիսարներ էին գալիս թերթի խմբագրություն՝ ստուգելու-պարզելու համար, թե յուրաքանչյուր համարում դրված լուսանկարներում եղած մարդկանցից քանիսն են հայ և քանիսն՝ ադրբեջանցի: Հատկապես Ադրբեջանի մայրաքաղաքում մթնոլորտը գնալով լարվում-շիկանում էր: Մոտ 80 հոգուց բաղկացած հանրապետական օրաթերթի նոսրացող կոլեկտիվը փշաքաղված վիճակում էր, բացառությամբ երկու-երեք ադրբեջանամետ կարիերիստների, որոնք այդ օրերին բոլորովին էլ վատ չէին զգում իրենց ու հանուն պաշտոնի պատրաստ էին և ընդունակ էին ամեն ինչի…

Պայթեց Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը, որին, որպես Ադրբեջանի բարձրագույն իշխանության թուրքաոճ նախազգուշացում, հետևեց Սումգայիթը կառուցած և այնտեղ ապրող, ամեն ինչից անտեղյակ հայերի դաժան կոտորածը 1988-ին: Ապա տեղի ունեցան Գանձակ-Կիրովաբադի և հատկապես Բաքվի հայերի՝ անհամեմատ խոշոր մասշտաբներով ջարդերը: Պատահական զուգադիպությամբ, Ադրբեջանի մայրաքաղաքում զուտ ազգային հատկանիշներով հայերի նկատմամբ այդ ցեղասպանական ակտերը տեղի ունեցան 1920 թվականի մայիսից այնտեղ հայերեն լեզվով լույս տեսնող «Կոմունիստ» հանրապետական թերթի 70-ամյակի տարում, երբ Բաքվում և ամբողջ Ադրբեջանում ոչնչացվում էր հայկականը հիշեցնող ամեն ինչ: Բացառություն չեղավ նաև «Կոմունիստ» թերթը: Այո, անփառունակ ավարտ ունեցավ ազգերի կեղծ բարեկամությունը:

Թերթի 100-ամյակը համեստորեն նշում ենք որպես վաղուց մոռացված հոբելյան՝ խորին հարգանքով հիշելով խմբագրությունում աշխատած ժուռնալիստների բազում սերունդներին՝ վաստակազարդ, պատկառազդու վետերաններին, նրանցից շատ բան սովորած շնորհալի երիտասարդներին, հմուտ թարգմանիչներին, թերթի հին ու հարուստ արխիվը սրբորեն պահպանող գրադարանավարուհիներին, գրագետ մեքենագրուհիներին, անխոնջ լինոտիպիստին, տպարանի՝ իրենց գործի վարպետ էջկապներին, գիշերային դժվար աշխատանքից չհոգնող և հուսալի սրբագրիչներին, բոլորին: Ստորև զետեղված բանաստեղծությունս նույնպես նվիրված է պատմություն դարձած «Կոմունիստ» թերթի 100-ամյա տարելիցին:

Յոթ տասնամյակ աշխարհի հետ խոսեց թերթը հայաշունչ,

Լուրջ գրիչներ կային այնտեղ, խմբագիրներ իմաստուն,

Թերթերի մեջ պատվով քայլեց, ժամանակին համահունչ,

Այն մեզ համար սուրբ տաճար էր, մտքի կաճառ, երկրորդ տուն:

Քանի՜ սերունդ հերթով անցավ «Կոմունիստ»-ի քուրայով,

Քանքարավոր ու խիստ էին թե՛ գործում, թե՛ վեճերում,

Ժամանակի հողմերն, ավա՜ղ, անցան նրանց վրայով,

Նրանց սրտի տրոփյունը մնաց թերթի էջերում…

Սակայն թերթը գերի մնաց օտար ծովի ափերին,

Մեսրոպատառ մեր լույս թերթը՝ արդեն հարյուր տարեկան,

Հարգա՜նք անցած սերունդներին, որոնք նրան կյանք տվին,

Ողջու՜յն նրանց, ովքեր հետո վառ տենչերով թերթ եկան:

Մեր սիրելին վաղուց չկա, բայց ապրում է մեր սրտում՝

Որպես ջահել տարիների չխունացող մի երազ

Եվ անցյալը վերհիշելուց՝ հպարտ լինենք, ոչ տրտում,

Չէ՞ որ կյանքում ունեցել ենք հոգու թռիչք մի անհաս:

Ռուբեն Գրիգորյան

«Կոմունիստ» թերթի Կրթության և գիտության բաժնի նախկին վարիչ