ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՐ ԾՐԱԳՐԻՆ

Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ն աջակցում են ստարտափ ընկերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրին, որն իրականացնում է Հայաստանի ստարտափ ակադեմիան:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին Traction ծրագրի համար արդեն ընդունվում են հայտադիմումներ։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Traction ծրագիրը առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։

10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները և ստանալ աջակցություն` միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։

Յուրաքանչյուր մասնակից ընկերություն կանցնի կարիքների հիման վրա մշակված անհատական զարգացման ծրագիր և կունենա շաբաթական կամ երկշաբաթյա հանդիպումներ մենթորների հետ։ Բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին, կարող են դիմել ծրագրին

- Հասցրել են ցուցաբերել որոշակի վաղ արդյունք (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),

- Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչև մայիսի 31-ը,

- Ներգրավել են նվազագույնը 20,000 եվրո` դրամաշնորհների, «հրեշտակ» ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),

- Նախկինում մասնակցել են որևէ այլ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

«Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը նշել է. «Traction ծրագիրը բխում է էկոհամակարգում այլ մակարդակի ծրագիր ունենալու անհրաժեշտությունից։ Ծրագիրը մշակված է այն ընկերությունների համար, որոնք աշխատում են ներդրումներ ներգրավելու և աճի կամ վաճառքների ռազմավարություն մշակելու ուղղությամբ: Մենք ուրախ ենք օգնել այդ ընկերություններին աճել և ընդլայնվել Հայաստանի սահմաններից դուրս»։

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Յոհաննա Միխայելա Վեբերը Ստարտափ ակադեմիայի այս նոր ծրագիրը համարում է բացառիկ հնարավորություն Հայաստանում գտնվող այն ստարտափների համար, որոնք պատրաստ են հաջորդ մեծ քայլը կատարել և դուրս գալ համաշխարհային ասպարեզ։

«ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը աջակցել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգին 2016 թվականից ի վեր՝ տրամադրելով շուրջ 128 մլն եվրո ներդրում դրամաշնորհների և տեխնիկական աջակցության ձևով, ներառյալ` Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին 4 փուլերը, որոնք իրականացվել են մեր վստահելի գործընկեր «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից: Հետևաբար, մենք ուրախությամբ շարունակում ենք այս աջակցությունը՝ նպատակ ունենալով բացել հայկական նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման նոր հեռանկարներ»,- նշել է նա:

«Վերջին տարիներին մենք Հայաստանում նկատել ենք ստարտափների կտրուկ աճ: Եղել են ինչպես հաջողակ նախաձեռնություններ, այնպես էլ ձախողումներ: Նախաձեռնողականությունն ու ստեղծագործական գործունեությունը խիստ կարևոր են, և, այսուհանդերձ, ոչ բավարար հաջող մեկնարկի համար: Վիվա-ՄՏՍ-ը միանում է այս կարևոր նախագծին, որի նպատակն է աջակցել ստարտափներին անցնելու զարգացման հաջորդ փուլ, որպեսզի դրանք վերածվեն կայուն բիզնես կառույցների և ներգրավեն միջազգային ներդրումներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս նոր ծրագիրը էականորեն տարբերվում է նախորդներից մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանք ծավալել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ովքեր ընտրված ընկերությունների հետ կմշակեն համապատասխան ռազմավարություններ, - նշում է «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը, - Այս

կառուցվածքը հնարավորություն կտա մասնակիցներին ավելի սերտորեն համագործակցել մենթորների հետ և առավելագույն արդյունք ստանալ համագործակցությունից»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, որին կհետևեն հարցազրույցները մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, Տեղեկատվական հանդիպում տեղի կունենա մայիսի 25-ին (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումը իրականացվելու են հեռահար եղանակով՝ COVID-19 համաճարակի բռնկման և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված։

Основная тема:
Теги: