Հայկական «Լորիկ» ֆիլմը 4 մրցանակ է ստացել ԱՄՆ-ում

Հայկական «Լորիկ» կինոնկարը գրան պրի մրցանակ է ստացել «Պատմողական ֆիլմ» (Narrative Feature) անվանակարգում, Նյու Յորքի սոցիալական ֆիլմերի կինոփառատոնում (SR Socially Relevant Film Festival NY).

«Լորիկ» դրամայի ռեժիսորը Ալեքսեյ Զլոբինն է (Ռուսաստան), գլխավոր դերը կատարում է հայ անվանի դերասան Միքայել Պողոսյանը:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին Նյու Յորքում, հայտնում է prlog.org աղբյուրը :

ֆիլմի սյուժեն

Ֆիլմը պատմում է Լոուրենս Օլիվիեի անվանակից տարօրինակություններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մեկ դերասանի, այլ նաև մարդկանց կյանքի նկարագիրը՝ բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, գայթակղություններով, լացով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ:

Լորիկը փողոց է դուրս գալիս թատերական հագուստով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նրան չի ջերացնում անգամ տնտեսուհի Աննայի անկեղծ սերը. Լորիկն ապրում է միայն իր հերոսների հույզերով:

Հասարակությունը զբաղված է հանապազօրյա հաց հայթայթելով, նորագույն տեխնոլոգիաները գերիշխում են կյանքում՝ մարդկանց զրկելով հոգևորից:

Թատրոնը փակվելուց հետո շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում. նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես, ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մեկ հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ՝ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահվան շեմին հասած երեխա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։