ՆԻԿՈԼԸ ՎԵՐԱԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐԺՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ

Մոտենալու ենք երկրաշարժի զոհերի թվի՞ն

Համավարակի պայմաններում «մերժյալ պետություն» բնորոշումը նոր իմաստ է ստացել։ Այսօր այդպես են անվանում այն պետություններին, որոնք ի վիճակի չեն ապրել քաղաքակիրթ կանոններով, պահպանել միջազգային իրավունքի նորմերն ու ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը։

Վարչապետի անգործունակության պատճառով Հայաստանը մեր օրերում վերածվել է հենց այդպիսի պետության՝ դառնալով տարածաշրջանի բացարձակ առաջատարը՝ բնակչության մեկ միլիոն շնչի հաշվարկով  վարակվածների և մահացածների թվով։ Հայաստանում կորոնավիրուսը մոլեգնում է, ինչպես իսպանական գրիպը 1918-1920 թվականների Եվրոպայում, ամեն օր տասնյակ մարդիկ են մահանում կորոնավիրուսի առաջացրած բարդություններից։ Վրաստանի իշխանությունների այն հայտարարությունը, որ իրենց երկիրը չի կարող իր հանգստավայրերում ընդունել  ՀՀ քաղաքացիներին, լոկ մեկն է այն վկայություններից, որ Հայաստանը վերածվել է մերժյալ պետության։

«Մահերի թվով երկիրը գերազանցել է Ապրիլյան պատերազմում զոհվածների թիվը, տեսանելի հեռանկարում կմոտենանք երկրաշարժի զոհերի թվին»,- հայտարարեց ԱԱՊՎ նախկին պետ և հատուկ հանձնարարություններով նախագահի նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ բնութագրելով ստեղծված իրավիճակը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոպիտ ելույթի, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման տխուր վիճակագրության խորապատկերին՝ Վրաստանի ղեկավարության հայտարարությունը միանգամայն կանխատեսելի էր, ինչպեսև այն, որ մեր երկրի վերաբերյալ իր վերջին ելույթում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանն անվանեց «դաշնակից պետություն»՝ չօգտագործելով «ռազմավարական գործընկեր» բառակապակցությունը։ Մատնանշելով այս կարևոր հանգամանքը, Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը իշխանության է եկել արտաքին ուժերի աջակցությամբ և վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջին իսկ օրվանից սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Շահնազարյանը հիշեցրեց նաև, որ Իրանը մի քանի ամսով փակել է օդային տարածքը հայկական զենքի տեղափոխման համար

«Երբ պետությունը ղեկավարում է թշնամին»

Ի տարբերություն ընդդիմադիր գործիչների ճնշող մեծամասնության, հատուկ ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Փաշինյանի բոլոր գործողությունները թելադրված են դիտավորությամբ, ներառյալ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը ներկայիս աղետալի վիճակին հասցնելը։ «Երբ պետությունը ղեկավարում է թշնամին, նա անում է այն, ինչ անում և արդեն արել է Փաշինյանը», - հավաստեց ԱԱՊՎ նախկին պետը՝ հիշեցնելով վարչապետի կողմից պետության պարենային ռազմավարական պաշարների մասին տվյալների հրապարակման փաստը։

Շահնազարյանի խոսքերով, բոլոր երկրներն այսօր զբաղված են նրանով, որ համալրում են պարենային ռազմավարական պաշարները, և միայն մեր կառավարությունն է, որ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկում: Արտաքին քաղաքականություն չկա, այն ոչնչացված Է, Ռուսաստանի հետ հարաբերությունները հասել են, Շահնազարյանի բնորոշմամբ՝ պատմական մինիմումի, կարգավորման հարթությունում վարչապետն իրականացնում է տարածքների փուլային հանձնման սցենարը։

Չնայած ռուսաստանյան ազդեցիկ լրատվամիջոցները Փաշինյանին բնութագրում են որպես ԱՄՆդրածո, անդրօվկիանոսյան տերության կողմից գործընկերության որևէ դրսևորումներ չկան, եթե չհաշվենք դեսպան Լին Թրեյսիի գովասանքները Նիկոլի հասցեին և 4,5 մլն դոլարը՝ օգնության տեսքով։ Վարակվածների կորագիծը հասել է նախարար Թորոսյանի խոստացած 10 հազարի մակարդակին և շարունակում է աճել։ Երկրում սոցիալական աղետ է հասունանում, որը պայմանավորված է աշխատատեղերի համատարած կրճատմամբ և բիզնեսների փակումով։ Աղքատությունն ու գործազրկությունը աճում են օրըստօրե։

Իրավիճակը կարգավորելու Փաշինյանի անկարողությունը տեսնում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները։ Մեր երկրում տիրող իրավիճակին հետևում են Ադրբեջանում և Թուրքիայում, ինչպես նաև Եվրոպայի երկրներում, որտեղ պարբերաբար զեկույցներ են ստացվում մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններից: Այդ զեկույցներում տեղեկություններ կան մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռների մասին, ինչին առնչություն ունեն Փաշինյանի ազգականները, հնդկական ադամանդների մաքսանենգ ներկրման ու արտահանման, ինչպես նաև՝ սև շուկայում ռուսական զենքի վաճառքի հետ կապված վերջին սկանդալի մասին:

Հայաստանը նորմալ զարգացող պետությունից վերածվել է մերժյալ պետության, քանզի միայն այդպիսի պետությունում իշխանությունը կարող է անպատիժ վերավաճառել ՌԴ-ում ներքին գներով ձեռք բերած զենքը երրորդ ու չորրորդ երկրների, զբաղվել  ադամանդների հետ կապված մեքենայություններով, ինքնաթիռներ բեռնել  մաքսանենգ ծխախոտի տոննաներով։ Միայն այդպիսի պետությունում կարելի է 2 տարվա ընթացքում անպատիժ ոչնչացնել ավիացիան, զրկել առողջապահության վերնախավին իր գործով զբաղվելու հնարավորությունից, փլուզել գիտությունն ու կրթությունը։ Միայն այդպիսի պետությունում է, որ մարդկային կյանքը ոչինչ չարժե. այնպիսի ծանր ախտորոշումներով մարդիկ, ինչպիսին երկկողմանի թոքաբորբն է, բժշկական օգնություն չեն ստանում, նրանց ասում են, թե հիվանդանոցներում հիվանդատեղեր չկան, մարդիկ մնում են տանն ու վարակում հարազատներին, և այս ամենի վերջը չի երևում

Փաշինյանը ստիպված է լինելու հրաժարական տալ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Արևմուտքն անտեսում է Փաշինյանին, որն իրեն հաճոյանալու համար ի չիք է դարձնում ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Կարծում եմ, Պուտինը չի պատասխանում Փաշինյանի զանգերին, այդ պատճառով էլ  Փաշինյանը զանգում է Միշուստինին», - հայտարարեց նախկին վարչապետը՝ նշելով, որ Ռուսաստանը ինքնաթիռներով օգնություն է ուղարկում ԱՄՆ և Իտալիա՝ անտեսելով մեր երկիրը, որը կանգնած է կործանման եզրին: Նրա խոսքերով, նախագահ Արմեն Սարգսյանին նույնպես ուրախ չեն տեսնել Մոսկվայում։

«Ես չեմ զարմանա, եթե վաղը Ռուսաստանը արգելի  մասնավոր տրանսֆերտները դեպի Հայաստան»,- ասաց Բագրատյանը: Նրա խոսքերով, իրավիճակը Հայաստանում շատ ավելի վատ է, քան այն երկրներում, որոնք որոշել են կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ մի միջոց չձեռնարկել։ Բագրատյանը վստահ է, որ Փաշինյանը ստիպված է լինելու հրաժարական տալ։

Համաժողովրդական աղետի խորապատկերին՝ Փաշինյանի պահվածքն անչափ հիշեցնում է այն, թե ինչպես էր իրեն պահում Միխայիլ Գորբաչովը ԽՍՀՄ փլուզման ու կործանման նախաշեմին։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նա գերազանց գիտեր մոտալուտ աղետի մասին, բայց մատը մատին չտվեց դա կանխելու համար, քանի որ վարձված էր Արևմուտքի կողմից։ Գորբաչովը նպատակաուղղված տանում էր խորհրդային տերությունը դեպի փլուզում ու կործանում, նման մի բան էլ այսօր Փաշինյանն է անում Հայաստանի հետ։