ԲՀԿ–ն չի մասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնել է, որ վաղն Ազգային ժողովում արտահերթ նիստ կլինի, որին ԲՀԿ–ն չի մասնակցի։

«Հաշվի առնելով, որ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին բոյկոտելով այն, այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Աբովյանը։

Նրա խոսքով` ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19–ի վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար մասնակցել են ԱԺ նիստին, ԲՀԿ պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ոչ միայն ԱԺ` վաղվա նիստին չեն մասնակցի, այլև ԱԺ ընդհանրապես չեն գնա։

Ի դեպ, Աբովյանը նույնպես կորոնավիրուսով է վարակվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Նշենք, որ վաղն Ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ կքննարկվի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրականությունը։

ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման ժամկետը սկսվում է հունիսի 27-ից: Ըստ օրենքի՝ մեկական թեկնածու պետք է առաջադրեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը՝ հաջորդաբար, տեղեկացնում է Sputnik Armenia: