Արցախի նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը:

Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղիները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այն մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի, ինչպես նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի հիմնական դրույթները և սկզբունքները:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ կառավարության անդամներին և պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել երկրի ղեկավարին:

Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների գործունեության ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։