ՆԻԿՈԼԻՆ ՊԵՏՔ ԵՆ ԻՐ ԵԺՈՎՆ ՈՒ ԻՐ ԲԵՐԻԱՆ
Մարտիրոսյանի հրաժարականը ժամանակի հարց է
Իշխանության ներկայացուցիչները չհերքեցին տեղեկատվությունն այն մասին, որ մինչև հունիսի 15-ը պետք է պատրաստ լինեն իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի անվստահելի ներկայացուցիչների սև ցուցակները: Ցուցակներին կցվելու են Փաշինյանի գաղտնի հրահանգով հավաքված վարկաբեկիչ նյութեր։
Եթե ոստիկանության ծառայությունը արմատական փոփոխությունների է ենթարկվում՝ կապված նախարարության վերածվելու հետ, ապա Ազգային անվտանգության ծառայությունն արդեն զբաղված է նրանով, ինչով չի զբաղվել վերջին 20 տարիներին՝ քաղաքական հետախուզմամբ: ԱԱԾ ներկայիս ղեկավարի հրաժարականի մտադրության մասին տեղեկատվությունը պատահական չէր. լրատվամիջոցները, հիշեցնեմ, տեղեկություններ հրապարակեցին, որ ԱԱԾ ղեկավարն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել։ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ նշանակելուց հետո Էդուարդ Մարտիրոսյանի հրաժարականը լոկ ժամանակի հարց է։
Հունիսի 15-ին վարչապետին կներկայացնեն դոսյեները
Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած ճգնաժամը տրիգերի՝ զանգվածային գիտակցումը գործի գցող մեխանիզմի դեր խաղաց: Մարդիկ հասկացան, որ անգործունակ կառավարությունն ու վարչապետը, որը մշտապես ստում է ժողովրդին, պետական անվտանգությանը սպառնացող վտանգ են, որը կարելի է չեզոքացնել միայն հասարակության բոլոր առողջ ուժերի համատեղ ջանքերով։
Այդ համախմբմանը խոչընդոտելու համար Փաշինյանը դիմեց բոլոր բռնակալների սիրելի մեթոդին. հունիսի 15-ին նրա սեղանին դոսյեներ կդրվեն բոլոր անվստահելի մարդկանց վերաբերյալ։ Կոմպրոմատ ունենալով ձեռքին՝ Փաշինյանը հույս ունի հեշտությամբ հաշվեհարդար տեսնել իր քաղաքական ընդդիմախոսների հետ։ Այն մասին, որ փողոցային ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են հարուցվել, արդեն հաղորդվել է բազմիցս։
Դա չխանգարեց բոլոր հայտնի գործիչներին շարունակել պայքարը ռեժիմի դեմ։ Այսօր Նիկոլին ավելի շատ հետաքրքրում է «Իմ քայլը» խմբակցությունը, որտեղ արդեն վաղուց ի հայտ է եկել անվստահելի անձանց խումբ: ԶԼՄ-ները նշում են 12 ազգանուն, մենք արդեն մասամբ տեղեկություններ հրապարակել ենք այդ պատգամավորների մասին: Այսօր համալրենք ցուցակը նոր անուններով, և սկսենք նրանցից, ում անվանում են փախստակներ։ Դրանց թվին են դասում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանին, որը խորհրդարանում առաջին անգամ հայտնվել է որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնական։ Աննան աշխատել է պետական-իրավական հանձնաժողովում։
Իշխանափոխությունից անմիջապես հետո անսպասելիորեն պարզվեց, որ նա վայելում է Արարատ Միրզոյանի հովանավորությունը, որից հետո Կարապետյանն ընդգրկվեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և հայտնվեց խորհրդարանում։ Կարապետյանին սև ցուցակ գցեցին անմիջապես այն բանից հետո, երբ նա կողմ չքվեարկեց քաղաքացիների տեղաշարժին հետևելու համար հեռախոսների օգտագործման վերաբերյալ օրինագծին: Այդ օրվանից ի վեր նիկոլամետ պարբերականները սկսեցին համառորեն ակնարկել ՀՀԿ որոշ ներկայացուցիչների հետ նրա կապերի մասին։ Ցուցանշական է, որ խոսնակ Միրզոյանին նույնպես մեղադրում են նման կապերի մեջ։
Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների հետ պաշտոնական հարաբերությունները Միրզոյանն իրականացրել է՝ օգտվելով Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդատվությունից։ Որոշ ժամանակ անց Հարությունյանը հրաժարվեց խորհրդատվություն տրամադրել խոսնակին, որից հետո եվրոպական ազդեցիկ ինստիտուտների հետ իշխանությունների հարաբերությունները վատթարացան։ Իսկ ի՜նչ կարող ես անել, նման հարաբերությունների համար անհրաժեշտ է համապատասխան որակավորում: Օրինակ, անթույլատրելի է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդարանի ուժերով հանրաքվեի չեղարկման օրինականության վերաբերյալ խորհրդատվություն ստանալու և, չսպասելով պատասխանին, ընդունել համապատասխան օրենք։ Սակայն վերադառնանք փախստակներին։
Թորոսյանը կապե՞ր է պահպանում հանրապետականների հետ
Ամենադասական փախստակը, իհարկե, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շիրակ Թորոսյանն է։ Նրան նույնպես կասկածում են հանրապետականների հետ ունեցած կապերի մեջ։ Մենք բազմիցս տեղեկացրել ենք մեր ընթերցողներին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» խմբակցության ներսում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն անմիջապես հայտնի են դառնում ԶԼՄ-ներին, չենք խոսում արդեն կառավարության շենքից կանոնավորապես արտահոսող տեղեկատվության մասին։
Փաշինյանը փորձում է փակել արտահոսքերը, բայց դա նրան չի հաջողվում, Մելիք-Ադամյան հասցեով ՀՀԿ գրասենյակում կառավարության և խորհրդարանի իրադարձությունների մասին տեղյակ են ոչ պակաս, քան ինքը՝ Նիկոլը։ Փաշինյանը համոզված է, թե ՀՀԿ-ն ամենուր իր աչքերն ու ականջներն ունի։ Մի խոսքով, Թորոսյանը նույնպես շնորհազրկվեց այն բանի համար, որ չհրաժարվեց նախկին ընկերներից, իսկ նրանք էլ, իրենց հերթին, չհրաժարվեցին իրենից, երբ նա անցավ Նիկոլի կողմը։
Նախորդ հրապարակումներից մեկում մենք պատմել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մասին, որը սև ցուցակում է հայտնվել Վատիկան պետությունում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ մտերիմ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Պողոսյանի հետ ընկերության համար։ Վիկտորն ընկերություն է անում նաև հակասորոսական «ՎԵՏՕ» նախաձեռնության առաջնորդ Նարեկ Մալյանի հետ։ Որքան էլ պարադոքսալ է, բայց սև ցուցակում է հայտնվել նաև պատգամավոր Հովհաննես Իգիթյանը. դա տեղի է ունեցել արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ջանքերով։ Այն մասին, որ անձեռնհաս նախագահին նյարդայնացնում է գրագետ ու փորձառու Իգիթյանը, մեր ընթերցողներին տեղեկացրել ենք բազմիցս։
Որոշ ԶԼՄ-ների վարկածով, Իգիթյանը սև ցուցակում է հայտնվել այն բանից հետո, երբ Ռուբինյանը «վերևներին» բողոքել է, թե իբր՝ Իգիթյանը չի շտապում օգտագործել իր եվրոպական կապերն ի նպաստ խորհրդարանական դիվանագիտության։ Հիշեցնեմ, որ Իգիթյանն ու Ռուբենի հայրը՝ Կարապետ Ռուբինյանը 1995թ. թորվածքի խորհրդարանում եղել են ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» դաշինքի պատգամավորներ։ Ռուբինյանը զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը, Իգիթյանը՝ ղեկավարում արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովը։ Ռուբենը խորհրդարանում հայտնվեց հոր ջանքերով, որը փողոցային պայքարի օրերին աչքի ընկավ Փաշինյանին ցուցաբերած աջակցությամբ։ Իսկ Իգիթյանը նախընտրական ցուցակում ընդգրկվեց Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ՝ որպես կարգավորման փուլային սցենարի համոզված ներկայացուցիչներից մեկը։ Վերջին շրջանում կրտսեր Ռուբինյանը փորձում է իր վրա վերցնել հարաբերությունները Վենետիկի հանձնաժողովի հետ, ինչը հայկական կողմի համար անպայման կփոխարկվի հերթական ձախողման։
Փաշինյանը պատրաստվում է զանգվածային բռնաճնշումների
Բացի փախստակներից և նախկին իշխանության ներկայացուցիչներից, անվստահելիների ցուցակում կան նաև այլ անուններ, այնպես որ թեմային մենք դեռ կվերադառնանք, իսկ այս խոսակցությունն ավարտենք ևս մեկ անդրադարձով ԱԱԾ-ին, որտեղ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, սքողված գործընթացներ են ընթանում։
Փաշինյանն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում այդ ծառայության նկատմամբ, որը, կրկնեմ, արդեն գործնականում փոխել է պրոֆիլը. հակահետախուզության փոխարեն՝ զբաղված է քաղաքական հետախուզմամբ, հատուկ ծառայության աշխատակիցները կոմպրոմատ են փնտրում բոլոր նրանց դեմ, ովքեր նույնիսկ հպանցիկ նշմարվել են իշխանության քաղաքական ընդդիմախոսների ճամբարում: Փորձառու աշխատակիցները ԱԱԾ-ից հեռանում են ոչ հրապարակավ, սակայն մեզ հայտնի է դարձել, որ ծառայությունը լքում են կադրային սպաներ, որոնք չեն ցանկանում XXI դարում աշխատել Եժովի և Բերիայի մեթոդներով։
Իշխանության ղեկին մնալու համար Նիկոլին ԱԱԾ-ում պետք են հենց եժովներ ու բերիաներ։ Վարկանիշի կտրուկ անկման պայմաններում վարչապետը հաշվարկ է կառուցում զանգվածային բռնաճնշումների վրա։ Կանխահայտորեն տանուլ տված խաղադրույք. սիբիրյան տաժանավայրերն այլևս չկան, Սյունիքից հեռու ոչ մեկին չես աքսորի։