Ի՞ՆՉ «ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԻ» ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ, ԵՐԲ ԱՌԱՋԻՆԸ ԴԵՌ ՉԻ ՄԱՐԵԼ
Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը։ Այդ մասին մայիսի 26-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փոխվարչապետի,արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Կառավարության ղեկավարի խոսքերով՝ հանրապետությունում «իրավիճակը ծանր է»։
«Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ։ Մեր քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են: Խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը քաղաքացիների կողմից»,- ասաց նա։ Դրա հետ մեկտեղ՝ վարչապետը վստահություն հայտնեց, որ պահպանելով սոցիալական հեռավորությունը, պաշտպանիչ դիմակներ կրելով հասարակական վայրերում և պարբերաբար ախտահանելով ձեռքերը, քաղաքացիները կօգնեն ոչ միայն բարելավել համաճարակաբանական իրավիճակը, այլև աստիճանաբար զրոյացնել հիվանդացության վիճակագրությունը:
Փաշինյանը զգուշացրեց, որ պաշտպանության սանիտարական միջոցները խախտողների նկատմամբ կկիրառվեն վարչական միջոցներ: «Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավականական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված միջոցներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, անցակետեր կդրվեն, որ ստուգեն, թե արդյոք բոլորը դիմակով են»,- վստահեցրեց Փաշինյանը։
Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը երեկ քննարկման թեմա դարձավ Ռուսաստանի Առաջին ալիքում՝ Ալեքսանդր Գորդոնի և Ելենա Մալիշևայի «Դոկ Տոկ» թոք-շոուի ժամանակ։ Թոք-շոուի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե երկրում սկսվել է հիվանդության տարածման երկրորդ ալիքը, և առաջարկեց քննարկել, թե այդ ինչ ալիք է, ինչու են հանրապետությունում, առաջին ալիքը դեռ չհաղթահարած, համարում, թե արդեն երկրորդն է սկսվել։ Գորդոնը նշեց վերջին մի քանի օրերին Հայաստանում արձանագրված հիվանդության դեպքերի թիվը, ընդգծելով, որ այն բարձր է «սովորական դեպքերի» քանակից։
Տաղավարում ներկա փորձագետները չհամաձայնեցին Փաշինյանի այն արտահայտությանը, թե իրավիճակը կարելի է անվանել երկրորդ ալիք, արձանագրված դեպքերի աճը պայմանավորելով տարբեր գործոններով, այդ թվում՝ տեստավորված մարդկանց թվի հնարավոր աճով: «Սա համաճարակային գործընթացի շարունակությունն է, այսինքն Հայաստանը հենց ներկայումս հասնում է առավելագույն նիշին, բարձրակետին, պարզապես ժամանակային առումով նրանք հետ են մնացել, ասենք, Ռուսաստանից, բայց դա հաստատ երկրորդ ալիք չէ»,- հայտարարեց ԺԲՌՀ վարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գալինա Կոժևնիկովան։ Գորդոնը նշեց, որ իր կարծիքով՝ երկրորդ ալիք կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ այս ընթացքն ավարտվի, երբ թվերը գրեթե զրոյական լինեն և միայն դրանից հետո սկսեն կրկին աճել:
Կառավարության ղեկավարի արտահայտությանը համամիտ չեն նաև հայ մասնագետները։ «ԳԱ»-ի հետ զրույցում վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Նելլի Ամիրբեկյանը նշեց, որ Փաշինյանի հայտարարությունները ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ են։ «Ի՞նչ երկրորդ ալիքի մասին է խոսքը,երբ առաջինը դեռ չի ավարտվել,- նշեց Ն.Ամիրբեկյանը:- Ես ուղղակի շոկի մեջ եմ այդ հայտարարությունից։ Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանի կողքին նստած էր առողջապահության նախարարը։ Նա նույնիսկ աչքը չթարթեց՝ վարչապետի այդ արտահայտությունը լսելով։ Մի՞թե հնարավոր չէր խորհրդակցել բժիշկների հետ, և հետո նոր անել այս կամ այն հայտարարությունը։ Մեր այսօրվա իշխանությունը չի սիրում պրոֆեսիոնալների խորհուրդներն ու առաջարկությունները։ Վարվում է այնպես, ինչպես կամենա։ Ընդ որում սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Ցանկացած քննադատություն, ցանկացած այլ կարծիք դիտվում է որպես թշնամական հարձակում։ Իշխանություններն աշխատում են հետևյալ սկզբունքով. կա մեր կարծիքը և կա սխալ կարծիք։ Արդյունքում մենք առայժմ տանուլ ենք տալիս կորոնավիրուսի դեմ պատերազմը»։
«Մի՞թե իշխանությունները համարում են, թե բնակչության մակարդակն այն աստիճան ցածր է, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, - ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու Իրինա Ավետիսյանը:- Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման ողջ մեղքն այժմ բարդում է ժողովրդի վրա։ Իբր՝ չեն կատարում պարետի պահանջները։ Իհարկե, հայերն այնքան էլ կարգապահ ժողովուրդ չեն, բայց ձեր սխալները մեզ վրա բարդելն անբարո է։ Վարակման առաջին իսկ դեպքից հետո մասնագետներն ու փորձագետներն առաջարկել են անհապաղ կոշտ կարանտին մտցնել։ Մինչև իշխանությունները տեղից շարժվեցին, արդեն ուշ էր, և հայտնվել էին վարակի մի քանի օջախներ։ Նախքան երկրորդ ալիքի մասին բարձրահունչ հայտարարություններ անելն ու բոլոր սխալները ժողովրդի վրա բարդել փորձելը, վատ չէր լինի ծանոթանալ ընդհանուր կենսաբանության դպրոցական դասընթացին: Ոչ ոք հաստատապես չգիտի, թե ինչպես կպահի իրեն վիրուսը, իսկ մեր իշխանությունները եզրակացություններ են անում առարկություններ չընդունող տոնով։ Գոնե նայեք Վրաստանին ու սովորե՛ք։ Թե՞ դա ձեր ուժերից վեր է»։
Մինչդեռ Վրաստանը մեզ օգնություն է առաջարկել COVID-19-ի դեմ պայքարում։ «Եթե Հայաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը օգնության համար դիմի վրաց գործընկերներին, նրանք կստանան դա»,- մայիսի 28-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հետաքրքիր է, կդիմե՞ն արդյոք մեր իշխանություններն օգնության խնդրանքով։