Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել մի շարք ԱՊՀ երկրների նախագահների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահների հետ։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ԱՊՀ երկրների առաջնորդները ջերմորեն շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան քվեարկության հաջող անցկացման համար։ Նշվել է, որ դրա արդյունքները համոզիչ կերպով վկայում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և Ռուսաստանի պետականության ամրապնդմանն ուղղված գործընթացի նկատմամբ հասարակության լայն աջակցության մասին: Արտահայտվել են ռուս ժողովրդի բարեկեցության և բարգավաճման մաղթանքներ:

Զրույցների ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող արդիական հարցերին, ներառյալ՝ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Պուտինին՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ, տեղեկացնում է News.am-ը։