Ֆրանսիա. Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է բաց մնա բոլորի համար

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է բաց մնա բոլորի համար, հայտնում է Reuters-ը:

Հինգշաբթի օրը թուրքական դատարանը դիտարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը, որը Թուրքիայի ամենաշատ այցելվող և սիրված զբոսաշրջային վայրերից մեկն է, մզկիթի վերածելու միջնորդությունը: Սակայն որոշում դեռ չի ընդունվել: Դատարանը վճռի կայացումը հետաձգել է 15 օրով:

«Սա հանդուրժողականության և բազմազանության խորհրդանիշ է, այս վայրը պետք է բաց մնա բոլորի համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Սուրբ Սոֆիայի տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է, որը եղել է ինչպես քրիստոնեական բյուզանդական, այնպես էլ մահմեդական օսմանյան կայսրությունների կենտրոնում, և այսօր Թուրքիայի ամենաշատ այցելվող հուշարձաններից մեկն է, տեղեկացնում է News.am-ը։