Բագրատյան. Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից

Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ տարեվերջին արած հայտարարությունը։

«Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի` բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադրբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարել էր, թե` վույ մե քոռանամ, այս ի՞նչ օրի է Վրաստանը»,–գրել է նա։

Բագրատյանը հիշեցնում է, որ ինքն էլ այդ ժամանակ հայտարարել է, թե ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Նա նշել է, որ Համաշխարհային բանկն պաշտոնապես հրապարակել է վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ` ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։

Բագրատյանը գրել է նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է. 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։

Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Փաշինյանն ԱԺ–ից հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին։

Ավելի ուշ` այս տարվա հունվարին Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է իր «սպասումը»` 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը, տեղեկացնում է Sputnik Armenia։