«Հրապարակ». ՃԳՆԱԺԱՄՆ ԱՎԵԼԻ ԿԽՈՐԱՆԱ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ-ի շուրջ ճգնաժամը գնալով խորանում է: «Ինչ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՍԴ դատավոր, որևէ գործունեություն չվարելով՝ անվերջ կրկնում էր․ ՍԴ-ում ճգնաժամ է։ Սակայն այն օրվանից, երբ սկսեց մասնակցել ՍԴ նիստին, ՍԴ-ում իսկապես արդեն խորը ճգնաժամ է», - ասաց ՍԴ մեր աղբյուրը:
Ալվինա Գյուլումյանը գալի՞ս է աշխատանքի։
«Ոչ, նա գտնում է, որ իր իրավունքները պաշտպանելու ձևը գիտի՝ դատական ճանապարհն է, և որևէ մեկի հետ չի ցանկանում առճակատման մեջ մտնել»:
Իսկ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյա՞նը։
«Թոխյանը վատառողջ է, այդ պատճառով չի գալիս, Հրանտ Նազարյանը նույնպես չի գալիս»:
Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞։
«Դժվար է ասել․ եթե դատավորները գան, կկայանա»:
Կգա՞ն։
«Դարձյալ դժվար է ասել՝ պետք է նայել իրավունքի տեսանկյունից. մի կողմից՝ ԱԺ-ի ընդունած ՍԴ օրենքում փոփոխությունները նախագահն ասել է, որ չի ստորագրելու, մյուս կողմից` Արարատ Միրզոյանը ստորագրել է երեք դատավորների պաշտոնանկության ու Հրայր Թովմասյանի՝ դատավոր «դառնալու» մասին օրենքը և հռչակել, որ այն այլևս գործում է»:
Ի՞նչ կլինի։
«Ճգնաժամն էլ ավելի կխորանա»:
Ի դեպ, հուլիսի 7-ի նիստին, բացի Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցից, օրակարգում ներառված է ևս 6 հարց»: