Հուլիսի 7–ի նիստը չի՞ կայանա. տևական ժամանակ է՝ ՍԴ նիստերին քվորում չի ապահովվում

Սահմանադրական դատարանում վաղը՝ հուլիսի 7–ին ժամը 11:00–ին նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը (թեև Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ են վերցրել դիմումը, սակայն մինչեւ այս պահը ՍԴն չի որոշել դիմումը վարույթ ընդունելչընդունելու հարցը)։ Նիստն ամենայն հավանականությամբ այն չի կայանա, քանի որ կասկածի տակ է նիստին անհրաժեշտ թվով դատավորների մասնակցության հարցը։

NEWS.amի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է առնվազն ՍԴ հինգ դատավոր, մինչդեռ այս պահի դրությամբ  ՍԴում կա չորս դատավոր։ Հրայր Թովմասյանը, ով ԱԺի կողմից ընդունված Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում այլևս ՍԴ նախագահ չէ, գտնվում է պաշտոնական արձակուրդում։ Արձակուրդում է նաև ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, իսկ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին, որոնց լիազորությունները Սահմանադրության փոփոխությամբ համարվում են վաղաժամ դադարեցված, չի  հաջողվում ներկայանալ ՍԴ։

Մասնավորապես, Հրանտ Նազարյանը հուլիսի 3–ին փորձեց մուտք գործել Սահմանադրական դատարանի վարչական շենք, սակայն,  ոստիկաններն առանց որևէ իրավական հիմնավորման, արգելեց նրա մուտքը։

Այսինքն ներկա պահին ՍԴում աշխատում են չորս դատավորներ՝ Վահե Գրիգորյանը, Արայիկ Թունյանը, Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը։ Հուլիսի 7–ի ՍԴ նիստը հնարավոր է՝ կայանա միայն այն դեպքում, եթե Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն ընդհատեն իրենց արձակուրդը և վերադառնալով՝ մասնակցեն նիստին։

Էդգար Ղազարյանը NEWS.amին հայտնեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք այդ դատավորները նման մտադրություն ունեն, թե՞ ոչ։

Նկատնեք, որ ներկա պահին ՍԴն անգամ իրավազոր չէ փոխելու Սահմանադրական դատարանի կազմը, քանի որ Սահմանադրական դատարանի նախագահն է սահմանում  դատական կազմի փոփոխության և դատական կազմը նախագահելու ժամանակացույցը, իսկ ներկա պահին Բարձր դատարանը նախագահ չունի։ Վիճահարույց Սահմանադրական փոփոխութունների հիմքով Հրայր Թովմասյանը չի համարվում ՍԴ նախագահ, իսկ նրան փոխարինող Ալվինա Գյուլումյանի լիազորությունները նույն վիճահարույց փոփոխության ուժով, դադարեցված են։ Վարչապետի և ԱԺ նախագահի ֆեյսբուքյան գրառումների համաձայն՝   ՍԴ նախագահի պարտականությունները կատարող է համարվում ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը,  մինչդեռ վերջինս  հայտարարել է, որ դրա համար դեռևս առկա չէ իրավական հիմք։

ՍԴ աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ վերջին անգամ ՍԴն նիստ է գումարել հունիսի 30–ին, սակայն նիստը չի կայացել, քանի որ քվորում չի եղել։

Էդգար Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ ՍԴ-ն մինչեւ օրս չի քննարկել ՍԴ դիմումը հետ վերցնելու մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, ինչպես նաեւ հունիսի 22-ին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկող՝ ԲՀԿ-ի դիմումը։

Մնում է արձանագրել, որ ներկա պահին խաթարված է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունն ապահովող բարձրագույն մարմի աշխատանքը։