ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՍՔ ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում առաջին հերթին կապված են ներքին ներդրումների հետ, երեքշաբթի օրը «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Ներքին ներդրումները կապիտալ ներդրումներ են, որոնք զարգացման հիմքն են։ Դրանք ցույց են տալիս, թե որքանով ենք մենք վստահում մեր տնտեսությանը և ներդնում ինքներս»,- նշեց Մանասերյանը։ Նրա խոսքերով, Հայաստանում ներդրումներ կատարելու օտարերկրա ներդրողների ցանկությունը չի կարող պայմանավորված լինել միայն 2018 թականի ապրիլին տեղի ունեցած «թավշե հեղափոխությամբ» և իշխանափոխությամբ։ Երկիրը պետք է նրանց կոնկրետ ուղերձներ հղի այն մասին, թե ինչու ներդրողը պետք է ընտրի Հայաստանը և ոչ թե տարածաշրջանի այլ երկիր։ «Ես ցանկանում եմ տեսնել այն քայլերը, այն քաղաքականությունը, որոնց արդյունքում որևէ բարեփոխված ոլորտ կհրապուրի տեղի, իսկ հետո նաև օտարերկրյա ներդրողին»,-ասաց փորձագետը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դժվար է չհամաձայնել փորձագետի հետ։ Իրոք, այդ հարցում վստահությունն առանցքային դեր է խաղում։ Եվ իհարկե, առաջին հերթին՝ մեր վստահությունը մեր տնտեսությանը։ Իսկ այդ հարցում, ուղիղն ասենք, իրավիճակն առավել քան մռայլ է։ Հայրենի բիզնես-միջավայրն ակնհայտորեն հրապուրիչ չէ տեղական կապիտալի համար։ Դա ունի իր կոնկրետ պատճառները, և՛ ուղղակի, և՛ անուղղակի նշանները։

Այն փաստի ամենավառ ապացույցներից մեկը, որ հայկական կապիտալը տոչորված չէ Հայաստանում ներդրվելու ցանկությամբ, կարող է ծառայել երկրից դրա (կապիտալի) արտահոսքի ցուցանիշը։ Այսպես ուրեմն, ԿԲ-ի տվյալներով, որոնք հրապարակվել են ընթացիկ տարվա սկզբին, անցած՝ հեղափոխական տարին այդ առումով ռեկորդային էր։ Այն է՝ 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները բանկային համակարգի միջոցով արտասահման են փոխանցել 1 միլիարդ 188 միլիոն 396 հազար դոլար։ Դա երկրի ՀՆԱ-ի գրեթե 10%-ն է և բյուջեի մոտ մեկ երրորդը։

Համաձայնեք, տպավորիչ թիվ է։ Իհարկե, վարկած կա, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիների կողմից արտասահման փոխանցվող միջոցների նշանակալի աճը կապված է ավտոմեքենաների ներկրման կտրուկ աճի հետ։ Այո, այդ վարկածը տեղ-տեղ համոզիչ է հնչում, բայց բնավ ոչ մխիթարական։

Նախ, չի կարող մխիթարել այն փաստը, որ հայկական կապիտալը ներդրվում է բացարձակ ավտոթափոնի մեջ, մետաղի ջարդոնի, համաշխարհային ավտոարդյունաբերության իր դարն ապրած արտադրանքի։ Ի դեպ, Հայաստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաների զանգվածային գնումը կարելի է դասել նաև տեղական ավտոշուկայում արվող ներքին ներդրումների կատեգորիային։ Բայց ակնհայտ է, որ այդ կապիտալ ներդրումների առյուծի բաժինը պարզապես սառեցվում է, ասենք այսպես՝ մետաղի տեսքով, քանի որ շուկայում հսկայական առաջարկը բախվում է չնչին պահանջարկին։

Երկրորդ, եթե ենթադրենք, թե հենց ավտոներկրումն է հիմնականում դարձել անցած տարի երկրից կապիտալի արտահոսքի կտրուկ աճի պատճառ, ապա ակնհայտ է, որ այս տարվա ցուցանիշները (կապիտալի արտահոսքի առումով) ռեկորդային են լինելու։ Բավական է ասել, որ, օրինակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավտոմեքենաների ներկրումն աճել է 60%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հետևաբար, ներդրված միջոցները, Հայաստանի քաղաքացիների կողմից արտասահման փոխանցված գումարներն էլ նշանակալիորեն աճել են։ Կրկնում եմ, ներդրված և փաստորեն սառեցված միջոցները։ Դժվար թե դա դրական ուղերձ է օտարերկրյա հավանական ներդրողների համար

Թեպետ, վերադառնանք տնտեսության նկատմամբ վստահության հարցին, և՛ տեղական, և՛ արտասահմանյան։ Ահա ուրեմն, եթե երկրից ամեն տարի արտահոսում է նրա բյուջեի մոտ մեկ երրորդի չափով կապիտալ, ապա ակնհայտ է, որ վստահության առումով խնդիրներ կան։ Իսկ այդ խնդիրների աղբյուրները մեր դեպքում պարզ են ցերեկվա լույսի պես. տնտեսական ուղեգծի և սոցիալական քաղաքականության բացարձակ անկանխատեսելիություն, պետության կյանքի գործնականում սպանված քաղաքական ոլորտ, արդարադատության փլուզված համակարգ, պետական կառավարման աղճատված համակարգ և տարօրինակությամբ աչք ծակող կադրային քաղաքականություն։ Սա ընդամենը մի փոքրիկ մասն է այն գործոնների ցանկի, որոնք ի չիք են դարձնում վստահությունը, մասնավորապես՝ ներդրողական։ Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։

Այս իրավիճակում առնվազն կասկածելի է թվում կառավարության ղեկավարի քաջալերիչ հայտարարություններից մեկը՝ տնտեսական աճի վերաբերյալ։ Մի քանի ամիս առաջ վարչապետը հայտարարեց, որ տնտեսական աճի երկնիշ ցուցանիշի հասնելն արդեն չի թվում իրեն ֆանտաստիկայի ոլորտից։ Մինչդեռ օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողներին հաղորդեց, որ 8-10% տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը պետք է կազմի երկրի ՀՆԱ-ի 28-30%։ Այսինքն միայն ներդրումների ծավալի 3,5 միլիարդ ցուցանիշի դեպքում կարելի է խոսել երկնիշ տնտեսական աճի մասին։

Չգիտեմ, ինչի վրա է հիմնված վարչապետի լավատեսությունը, բայց 3,5 միլիարդի ներդրումային հոսքն այնուամենայնիվ մնում է ֆանտաստիկայի ոլորտում։ Մանավանդ կապիտալի արտահոսքի և հավանական ներդրողներին այնպիսի «կրեատիվ» գաղափարներով վախեցնելու խորապատկերին, ինչպիսիք են գույքի բռնագանձումն առանց մեղադրական եզրակացության կամ բանկային գաղտնիքի սկզբունքին սպառնացող նախաձեռնությունները։

Основная тема:
Теги: