Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տխրեցրել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ մասին հայրապետը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, Սուրբ Սոֆիայի մասին և շատ տխուր եմ»,-ասել է նա՝ դիմելով հավատացյալներին։

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում, տեղեկացնում է Sputnik Armenia։