ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքի մասին

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները»,- նշվում է ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

 Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,- հաղորդվում է հայտարարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունը հուլիսի 16-ին կայացած ասուլիսում արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- նշել է Դարգյախլին:

Այս հայտարարության վրա միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: