Ստանսիլավ ՏԱՐԱՍՈՎ. ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ Է ԴԱՐՁԵԼ, ՀԱՋՈՐԴԸ ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈ՞ՎՆ Է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը, ով 16 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը և կապված էր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցությունների հետ, տարակուսանք է առաջացնում, չնայած ակնհայտ է, որ այս իրավիճակում շատ բան չի բարձրաձայնվում:

Այս մասին News.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց Միջին Արևելքի և Կովկասի հիմնահարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ Մոսկվայի դիվանագիտական շրջանակներում դիվանագետի հրաժարականի մասին խոսում էին դեռ այս տարվա սկզբին: Փորձագետի խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն ունեցել է իր վերելքները և անկումները։ Եղել են ժամանակներ, երբ կողմերը մոտ էին և ինչ-որ համաձայնագրի ստորագրման եզրին:

Սակայն 1994 թվականից մինչև 2016 թվականը`ապրիլյան պատերազմը, լուրջ բախումներ չկային, և, ահա, վերջինը Տավուշի մարզում էր: Եվ հենց այս էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին համընկավ Մամեդյարովի հրաժարականի հետ: «Նախ, Ադրբեջանի քաղաքական շրջանակներում պայքար է ընթանում հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված, առաջին հերթին՝ Հայաստանի հետ հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի կարգավորման։

Երկրորդ պահը փաստն այն է, որ մինչև հիմա, շատ անհասկանալի պատճառներով, սակայն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո և մինչև վերջերս, և այդ կարծիքի հետ համաձայն են և արևմտյան, և գերմանացի փորձագետները, սկսվել է երկու կողմերի մերձեցումը: Փաշինյանըպատմական ժամանակ շահեց՝ երբեմն շռայլ հայտարարություններ անելով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, իսկ Ադրբեջանը, կարծես, հավատարիմ էր կոնկրետ սկզբունքին և դիրքորոշմանը՝ տարածքային ամբողջականություն և այլն և այլն: Չնայած հայտարարություններին՝ բանակցությունները շարունակվում էին. բազմաթիվ շփումներ Մնացականյանի և Մամեդյարովի միջև, ապա շփումներ Ալիևի և Փաշինյանի միջև ... Թվում էր, թե կարգավորման ինչ-որ սցենար է ձևավորվել, որի հետ Ալիևը կապում էր իր հույսերը Փաշինյանի հետ: Ըստ երևույթին, այդ սցենարն էր դնում Մամեդյարովը: Այժմ Ալիևը հասկացավ, որ իր մոտ ոչինչ չի ստացվում։ Նա որոշեց հեռացնել նախարարին, ով և մարմնավորում է այդ արտաքին քաղաքական կուրսը: Թեև մենք քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանի նման երկրներում արտաքին գործերի նախարարն ինքնուրույն քաղաքականություն չի վարում: Այդ հարցի համար միշտ պատասխանատու է նախագահը, և այժմ Մամեդյարովը քավության նոխազ դարձավ»,- նշել է Տարասովը: Փորձագետի կարծիքով՝ թվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը կողմ էր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ քաղաքական երկխոսության շարունակմանը և չէր ցանկանում իրավիճակը զինված դիմակայության հասցնել։

«Ինչ-որ ուժեր ճնշում են գործադրում Ալիևի վրա, ինչին դիմադրել ոչ ոք չի կարող, և նա Մամեդյարովին նետեց զոհասեղանին՝ ընդ որում վարկաբեկելով նրան և որպես դիվանագետ, և որպես մարդ։ Ամենայն հավանականությամբ, քաղաքական տարաձայնությունները նախարարի և Ալիևի միջև արտաքին քաղաքականության հետագա բովանդակության վերաբերյալ սրվում էին»: Բաքվի և Մոսկվայի միջև լավ դիվանագիտական ​​հարաբերությունները, փորձագետի կարծիքով, կառուցվել էին հենց Մամեդյարովի շնորհիվ, որին վստահում էին Ռուսաստանի Դաշնությունը:

«Արդբեջանի նորանշանակ ղեկավարը՝ կրթության նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը, ոչ մի կապ չունի դիվանագիտական կորպուսի հետ, իսկ Մամեդյարովը կադրային դիվանագետ է: Բայրամովին ինչպե՞ս կընդունեն Մոսկվայում, արդյոք կկարողանա՞ Մոսկվայի հետ համագործակցել, հարաբերություններ կառուցել Թուրքիայի և միջազգային հանրության հետ: Ստիպված ես եզրակացնել, որ Բայրամովը կողմնորոշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ կոշտ կուրսի անցկացմանը, հնարավոր է նաև արտաքին քաղաքականության որոշ այլ ուղղություններով ևս»:

Տարասովի գնահատմամբ՝ ի հայտ է եկել ինչ-որ տեղային ինտրիգ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով հանրությանն անհայտ սյուժեներով, և բացառված չէ, որ Բաքվում սպասվում են կադրային զտումներ, ու հերթում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: «Ադրբեջանական մամուլում Հասանովի մասին հրապարակումներ են հայտնվում, որոնցում նրան սկսել են քննադատել այն պատճառով, որ նա, պարզվում է, սպաների առաջ ելույթ է ունեցել ռուսերենով: Իսկ ադրբեջաներենին անցնելու փորձերը նրան չեն հաջողվել, քանի որ, պարզվել է, նա ադրբեջաներենին վատ է տիրապետում: Սոսկ այն փաստը, որ ադրբեջանցիները սկսել են նրան քննադատել լեզուն չիմանալու համար, ես ընկալում եմ որպես Հասանովին վարկաբեկելու ճանապարհին առաջին ծիծեռնակ»,- նշել է փորձագետը: Բացառցած չէ, որ ստեղծված իրավիճակի հետևում կանգնած է Փաշաևների կլանը՝ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի (Փաշաևայի) ազգականները: Տարասովի խոսքով՝ միանշանակ է, որ Իլհամ Ալիևի վրա ճնշում է գործադրվում, ինչի մասին են վկայում նրա ելույթները, որոնց ժամանակ նա հրապարակայնորեն բանավեճի մեջ է մտնում ինչ-որ ներքին ընդդիմախոսների հետ, ընդդիմությանը հայտարարում է հինգերորդ շարասյուն և այլն. «Պետությունների առաջնորդներն այդպես են գործում, երբ հաշվի են առնում հինգերորդ շարասյան կամ ներքին ընդդիմության իրական գործոնը: Նրանց անվանում է արևմուտքի կամ արտաքին ուժերի ծառաներ: Նշանակում է՝ նրա վրա լրջորեն ճնշում են գործադրում, այսպես կոչված, ռևանշիստական տիպի ուժերը»:

News.am