Թինա ԿԱՆԴԵԼԱԿԻ. ԵՐԲԵՔ ՉԻ ՍՏԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ
Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ է եղել: Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում նշել է ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
«Ինչպես հայտնի է, իմ մեջ նաև հայկական արյուն է հոսում: Ես անտարբեր չեմ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ժողովուրդ, որին բաժին են ընկել ահռելի թվով փորձություններ, ներառյալ Օսմանյան կայսրության կողմից Ցեղասպանությունը:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ներկայիս բախումներում կրկին մարդիկ են զոհվում: Ռմբակոծություններ, դիվերսիաներ, խոշոր տրամաչափի զենքից գնդակոծություններ: Բաքվում հանրահավաքներ են ընթանում պատերազմի օգտին: Պատերազմի՛ օգտին:
Այստեղ, կարծես, ճիշտ ժամանակն է ասելու, որ պատմությունը ոչ մի բան չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ էր: Այն չի կոտրվի նաև հիմա: Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունները անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել: Շատ դարերի ընթացքում կարելի էր իր վերջո գիտակցել, որ երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել:
Յուրաքանչյուր մարդ, ում երակներում գոնե մի փոքր հայկական արյուն կա, կպաշտպանի այս ժողովրդին՝ իր մեծ և բարդ պատմությամբ, որովհետև ճշմարտությունը հայ ժողովրդի կողմում է»,- նշել է նա: