ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է և ոչ թե սպառող

ՀՀ Զինված ուժերը վաղուց կարող էին հարվածներ հասցնել Ադրբեջանի ենթակառուցվածքներին, սակայն երբեք չենք ունեցել և չունենք նման ցանկություն: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա նոր քարոզչական թեզ է արտաքին աշխարհին ուղղված, դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: ՀՀ Զինված ուժերը տեխնիկապես վաղուց կարող էին դա իրականացնել, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել, չունենք և դա հայեցի չի ոչ մի տեսանկյունից: Նավթա և գազամուղները, որոնք միջազգային ընկերություններին են պատկանում և Ադրբեջանի տարածքով են անցնում, թող վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է և ոչ թե սպառող, ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան ուրիշ մեկը տարածաշրջանում»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, որ անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր` ոչ մեծ տրամաչափի, տեղեկացնում է News.am: