Հռոմի Պապը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը հասնել խաղաղ երկխոսության միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված զինված հակամարտությանը», - ասել է Հռոմի պապը և խոստացել աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «կողմերի երկխոսության և բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ լուծմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»։

Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ պաշտպանել է ՄԱԿ-ի այն նախաձեռնությունը, որն ուղղված է կորոնավիրուսային համավարակի ընթացքում ռազմական գործողություններից զերծ մնալուն։

«Վերահաստատում եմ կրակի անհապաղ և երկարատև դադարեցման իմ կոչը, որը թույլ կտա հասնել խաղաղության և անվտանգության՝ անհրաժեշտ հումանիտար աջակցություն ապահովելու համար», - ասել է Հռոմի պապը, տեղեկացնում է Sputnik Armenia: