«Հայրենիք» կուսակցությունը սահմանամերձ գոտում գույքագրում է կարիքները

«Հայրենիք» կուսակցության անդամները հուլիսի 18-ին մեկնել են Տավուշի մարզ՝ գույքագրելու հակառակորդի ռազմական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ գյուղերի կրած վնասները։

«Սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին շատ է խոսվել, հիմա, կարծում եմ, ավելի կարևոր է խոսել, թե ինչպես ենք մենք վերականգնելու հատկապես բնակչության կրած կորուստները։ Հենց դրա համար ենք մենք հիմա այստեղ՝ Տավուշում, որպեսզի մեր հնարավորությունների սահմաններում կարողանանք աջակցել բնակչությանը»,- Իջևանում «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Նրա փոխանցմամբ՝ կուսակցության խորհրդի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որպեսզի գույքագրեն Տավուշի մարզում ռազմական ագրեսիայի հետևանով վնասներ կրած ընտանիքների կորուստները։

Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ առկա խնդիրները երեք խմբի են բաժանվում՝ մարդկանց գույքային վնասները, հոգեբանական խնդիրներ, բուժհաստատությունների հետ կապված հարցեր։ Ըստ նրա՝ ամփոփումների հիման վրա կկազմվի գործողությունների ծրագիր։